ՌԴ մուտքի արգելքի որոշման վերանայման հարցով ՀՀ քաղաքացիների ներկայացրած դիմումների քանակը հասնում է 3000-ի

20:51 • 16.08.14

ՌԴ մուտքի արգելքի որոշման վերանայման հարցով ՀՀ միգրացիոն պետական ծառայություն ներկայացված դիմումների քանակը արդեն հասնում է երեք հազարի։ Ծառայության պետ Գագիկ Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի հիմնական փաստաթղթերից՝ դիմումատուն պետք է ներկայացնի նաև Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր։


«Այդ բոլոր դիմումները նայվում են, այնուհետև՝ ուղարկվում ՌԴ միգրացիոն ծառայություն։ Արդեն երկու հազար դիմում ուղարկել ենք։ Վերջին անգամ 217 դիմումի հերթական խմբաքանակը երեկ եմ ստորագրել»,-ասաց Գագիկ Եգանյանը։


Նա նշեց, որ երեկ մոտավորապես 900 էջանոց նյութեր է պատրաստել և ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով ուղարկել ՌԴ՝ խնդրելով Ռուսաստանի գործընկերներին՝ վերոնշյալ անձանց նկատմամբ հնարավորինս ներողամտություն ցուցաբերել։

 

Հարցին, թե արդյունքում քանի հոգու մուտքի արգելք է վերանայվել և դրական պատասխան տրվել, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ ամեն դիմումի դրական պատասխան տրվի։

«Նրանք բարի կամեցողություն են ցուցաբերել, երբ ասել են, որ նորից պատրաստակամ են նայելու, քննարկելու, սակայն չեն խոստանում, որ քննարկման արդյունքը դրական կլինի»,-ասաց նա և նշեց, որ ՌԴ-ի կողմից էլ դիմումների վերանայման հսկայական աշխատանք է իրականացվում, և նրանք չեն հայտնում թե որքան ժամանակում կարող են պատասխանել։

«Մուտքի արգելք ստացած քաղաքացիները կոչվում են օրնախախտներ, հիմա դուրեկան է, թե ոչ՝ դա այդպես է»,-ասաց նա։