Շուրջ 400 ազատամարտիկներ, մտավորականներ ու ՀԿ-ներ հանդիպել են Սեյրան Օհանյանի հետ. գեներալ-մայոր Վ. Ավետիսյան

14:56 • 16.08.14

Արցախյան պատերազմի բազմաթիվ վետերաններ ու հրամանատարներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ 130 կազմակերպություններից ներկայացուցիչների 400 հոգանոց կազմով երեկ հանդիպել են պաշտպանության նախարարի հետ՝ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:


Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպություններն ու նախկին ազատամարտիկները ՊՆ-ին ներկայացրել են անվանացուցակ՝ առաջնագիծ գնալու, այնտեղ մարտական հերթապահություն անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում «նաև խնդիրներ կատարելու» համար, և որոշվել է, որ անհրաժեշտության դեպքում ՊՆ-ն նրանց հետ կհամագործակցի:


Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:


«Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը լարվածությանը հետևած ժամանակահատվածում , պաշտպանության նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու նախարարության հետ աշխատող բոլոր հասարակական ու երիտասարդական կառույցներին , որոնք անգամ հավատարմագրված չեն, ու այն ազատամարտիկներին, որոնք այս օրերին իրենց բարի կամքը դրսևորեցին ու հանդես եկան առաջնագիծ գնալու ու մեր տղաներին աջակցելու հայտարարություններով, և այս լարված օրերին աջակցեցին, սատարեցին Պաշտպանության նախարարությանը, քաղաքական գործիչներին , կուսակցություններին, արվեստագետներին, մտավորականներին՝ երախտիքի, շնորհակալության խոսքեր ասելու համար: Այս լարված օրերին միաբանվելու, համերաշխության գալու, հակառակորդին միասնական ջանքերով հետ մղելու կապակցությամբ»,- ներկայացրեց Վարդան Ավետիսյանը:


Ի դեպ, հանդիպմանը մասնակցած մտավորականների թվում եղել է Երևանի գրողների միության ղեկավար Աբգար Ափինյանը: Նրա հավելմամբ՝ Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է լարվածության ժամանակաշրջանի «ողջ տեսապատկերը» և կարևորել բանակ-հասարակություն կապի ամրապնդման անհրաժեշտությունը:


Նշենք, որ Արցախյան պատերազմի վետերանների միության անդամերը ոչ միայն լարվածության օրերին, այլև մշտապես գտնվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում և այսօրվա դրությամբ էլ շուրջ 25 հոգով այնտեղ են ու ծառայություն են կատարում: