Չադի զինվորականներն ազատել են 85 նիգերացիների, որոնց առևանգել էին «Բոկո Հարամ»-ի գրոհայինները
Չադի Հանրապետության զինծառայողներն ազատել են 85 նիգերացիների, որոնց առևանգել և այդ երկրի տարածք էին տեղափոխել «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մի քանի օր առաջ խմբավորման գրոհայինները հարձակվել էին Բորնո նահանգում Դորոն Բագա ձկնորսական գյուղի վրա։ Հարձակման հետևանքով մոտ 30 բնակիչ զոհվել էր, մոտ 100 երիտասարդներ՝ առևանգվել։ Գրոհայինները նրանց տեղափոխել էին հարևան երկիր։
Մայդուգուրի քաղաքում Չադի զինծառայողները կանգնեցրել են ավտոբուսների շարասյունը, որոնցում գտնվել են գերիները։ Մեծ քանակությամբ մարդկանց տեղափոխումը կասկած է առաջացրել նրանց մոտ։ Զինվորականներին հաջողվել է ազատել ոչ բոլոր առևանգվածներին. գրոհայինների մի մասը փախել է մոտորանավակներով։ Նրանց մոտ են գտնվում դեռևս մոտ 30 նիգերացիներ։










