Տոնի ձայները սահմանից այն կողմ էլ պետք է լսեն. Տավուշում կայացավ Մեղրի և հատապտուղների փառատոնը (լուսանկարներ)
«Շամշադինի մեղրի և հատապտուղների»` արդեն ավանդական դարձած փառատոնն այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի այգիներում։ Այն կազմված է տարբեր «ավաններից»՝ մեղրի, հատապտուղների, արհեստագործական, ինչպես նաև` երեխաների համար նախատեսված խաղահրապարակից։ Բերդի տարածաշրջանից մարդիկ այդ ավաններում ներկայացնում են իրենց արտադրանքը։
Փառատոնի ընթացքում Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց խաղողօրհնեքի արարողություն, օրհնված խաղողը բաժանվեց հավաքվածներին։
Փառատոնը տոնակատարության վերածեցին հրավիրված երգիչներն ու երաժիշտները։ Այնտեղ էր նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով շրջեց ավաններով, զրուցեց բնակիչների հետ՝ տեղեկանալով նրանց հոգսերի մասին։
«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տավուշը յուրահատուկ տարածաշրջան է և հատկապես` յուրահատուկ է իր բնակիչներով։
«Շատ կարևոր է այս ժողովրդի կողքին լինել, իրենց հնարավորինս աջակցել, ընդհանրապես` Տավուշի մարզին պետք է հատուկ կարգավիճակ տալ։ Նման միջոցառումներն էլ շատ կարևոր են ուշադրության տեսանկյունից, նաև` նրա համար, որ տեղացիները կարողանան իրենց արտադրանքն իրացնել»,-ասաց նա։
Վերջինս նաև նշեց, որ ի տարբերություն ադրբեջանական սահմանամերձ գյուղերի՝ Տավուշում կյանքը եռում է, իսկ տոնի ձայները սահմանից այն կողմ էլ պետք է լսելի դառնան, որ նրանք տեսնեն և հասկանան՝ Տավուշում մարդիկ շարունակում են ապրել իրենց բնակավայրում։
Փառատոնին աջակցում է նաև «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման ու զարգացման» հասարակական կազմակերպությունը` Սեդրակ Մամուլյանի ղեկավարությամբ, ինչպես նաև` «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը։






















