Հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանը. Հ. Աբրահամյանը մասնակցել է «Բազե-2014»-ի բացմանը

21:36 • 18.08.14

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ողջունելով բազեականներին՝ վարչապետն ընդգծել է, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշել է, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։

 

Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատել է, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։

 

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանել են հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։