Սահմանադրություն կարող է լինել, կարող է չլինել. շատ բան կախված է հասկացողությունից. Ահարոն Ադիբեկյան
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի՝ մարզերում քննարկումներին և, ընդհանրապես, ժողովրդի կողմից դրա ընկալմանը, ասաց, թե Սահմանադրություն կարող է չլինել, կարող է լինել:
«Կարող է լինել ամերիկյան Սահմանադրություն, որում 200 տարում ընդամենը երկու տասնյակ փոփոխություն է կատարվել՝ ճշտումների տեսքով: Այնպես որ՝ շատ բան կախված է հասկացողությունից: Մենք այդ կարողությունը դեռ չունենք»,-նկատեց սոցիոլոգն ու որպես իր ասածի ապացույց՝ մի օրինակ բերեց. «Երբ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը մեր Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպում էր, փորձի փոխանակում էր տեղի ունենում, գերմանացիներն ասացին, թե իրենք վերջերս 4 նոր օրենք են ընդունել: Ու երբ մերոնք հարցրեցին, թե օրենքներն ինչպես են կյանքի կոչում, իրենք ասացին, թե տպագրում են, մարդիկ կարդում են, և եթե դա իրենց վերաբերում է, իրենք իրենց վարքն ինքնուրույն փոխում են»:
Այնպես որ՝ ըստ սոցիոլոգի՝ շատ բան կարող ես օրենք ունենալով էլ ճիշտ չանել, շատ բան էլ՝ առանց օրենքը կարդալու ճիշտ անել: «Այդ պատճառով ես շատ բան չեմ սպասում նոր օրենքներից, քանի որ ազգը մնում է նույն որակին, նույն պայմաններում»,-ասաց Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի՝ կառավարման նախագահական կամ խորհրդարանական համակարգի ընտրությունն էլ բան չի փոխելու երկրում, որովհետև ընտրախմբերը ձևավորվել են, և նրանք դժվար թե իրենց մոտեցումները փոխեն իշխանությունների նկատմամբ:










