Ասանժին բաց թողնելու ժամանակն է. Էկվադորի արտգործնախարար

15:07 • 18.08.14

Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ ժամանակն է բաց թողնել ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժին, ով ապաստան է գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

 

ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան այս հայտարարությունն արել է Ասանժի հետ Լոնդոնի դեսպանատանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: 

 

Արտգործնախարարը շեշտել է, թե ժամանակն է, որ Մեծ Բրիտանիայում վերջապես հարգվեն Ասանժի իրավունքները:

Պատինյոն բրիտանական իշխանություններին մեղադրել է խնդրի դիվանագիտական լուծմամբ շահագրգռված չլինելու համար:

 

2012-ի օգոստոսին Էկվադորը քաղաքական ապաստան էր տրամադրել Ասանժին, սակայն Ասանժը դեսպանատնից դուրս գալ չի կարող, քանի որ դրա մոտ հերթապահում են երեք իրավապահներ՝ պատրաստ ցանկացած պահի նրան ձերբակալելու: 

 

Wikileaks կազմակերպության հիմնադիր Ասանժն այսօր լրագրողներին հայտարարել է, որ շուտով լքելու է դեսպանատունը: Ընդ որում՝ նա չի պատրաստվում հանձնվել բրիտանական իշխանություններին:

 

Վերջին երկու տարիների ընթացքում Ասանժը չի լքել Էկվադորի դեսպանատան տարածքը, որտեղ ապաստան էր խնդրել 2012թ.-ի հունիսի 19-ին՝ Շվեդիա արտահանձնվելուց խուսափելու համար:

 

Այնտեղ Wikileaks-ի հիմնադրին կասկածում են սեքսուալ բնույթի հանցագործությունների համար, սակայն Ասանժն ինքը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները և դրանց տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նա զգուշանում է, որ Ստոքհոլմից նրան կարտաքսեն ԱՄՆ, որտեղ իրեն մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում՝ լրտեսության և պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի անօրինական հրապարակման համար: