Ռուսաստանը կարող է արգելել արևմտյան ավտոմեքենաների ներկրումը

18:22 • 18.08.14

ՌԴ կառավարությունը ի պատասխան Արևմուտքի երկրների պատժամիջոցների հնարավոր խստացման իր կողմից կսահմանի հավելյալ պատժամիջոցներ, որոնց ցանկն արդեն պատրաստ է: Այդ մասին գրում է ռուսական «Ведомости» պարբերականը՝ վկայակոչելով դաշնային պաշտոնյաների: Սննդամթերքի ներկրման արգելքից հետո Մոսկվան կարող է արգելել նաև արդյունաբերական արտադրանքի ներկրումը:


Համապատասխան որոշումը կառավարությունն արդեն ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մասնավորապես, թերթի հաղորդմամբ, խոսքը ավտոմեքենաների, դեղորայքի և բժշկական սարքավորումների մասին է:


Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ երբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցներ են սահմանել, կառավարությունը մի քանի օր անց նախագահին է ուղարկել պատասխան հնարավոր պատժամիջոցների լայն ցանկը, սակայն Պուտինը հանձնարարել է սահմանափակել միայն սննդամթերքի ներմուծումը: 

 

«Հնարավոր պատժամիջոցներից մեկը ոչ բարեկամական երկրներից ավտոմեքենաների ներկրման ամբողջական կամ գրեթե ամբողջական արգելքն է»,- գրում է թերթը: Թերթի զրուցակիցը պնդում է, որ այդ դեպքում պահանջարկը կարող է բավարարվել ներքին արտադրանքի հաշվին: Համաձայն թերթի բերած վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ռուսական շուկայում ներկրված ավտոմեքենաները կազմել են 27 տոկոս, բեռնատարները՝ 46 տոկոս, ավտոբուսները՝ 13 տոկոս: