Սփյուռքի երիտասարդները կկանգնեն հայ զինվորի կողքին, սակայն միայն զենքը չէ, որ պետք է միավորի մեզ. կարծիքներ

09:14 • 18.08.14

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատանեկան միության վարիչ մարմնի անդամ, ծնունդով Լիբանանի Բուրջհամուդ հայկական բնակավայրից, վերջին տարիներին Հայաստանում հաստատված Սիմոն Գաֆալյանը, ով Հայաստանում և Սփյուռքում զբաղվում է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ մեկ մարդու նման սփյուռքահայ երիտասարդները պատրաստ են իրենց պատասխանատվությունը բերել Հայաստան, հայ զինվորի կողքին նույն խրամատում կանգնելու։  

«Ես ինքս մեծ հպարտություն եմ ապրում, քանի որ չէի սպասում, որ այսքան երիտասարդներ կհետաքրքրվեն Հայաստանում տիրող իրավիճակից և ցանկություն կհայտնեն այստեղ գալու»,-ասաց նա։ 

Վերջինիս խոսքով՝ բարեբախտաբար, լարվածությունը ավելի մոտ չեկավ հայ զինվորի քաջության շնորհիվ, սակայն հայը միավորված ժողովուրդ է միայն դժվարության ժամանակ. «Բայց Աստված տա, որ մենք խաղաղ ժամանակ ևս միավորվենք։ Միայն զենքը չէ, որ պետք է միավորի մեզ, մենք մատիտով էլ կարող ենք միավորվել, այսօր համակարգչի ժամանակաշրջան է, այդպես կարող ենք հաջողության հասնել»։ 

Սիմոն Գաֆալյանն այնուհանդերձ նշեց, որ Սփյուռքում 3-րդ, 4-րդ սերունդն արդեն հայապահպանության խնդրի առաջ է կանգնած։ «Այստեղ ինչպես էլ երեխան մեծանա, ուզի, թե չուզի, հայ է մեծանալու։ Իսկ դրսում հայ մնալու պայքարը շատ ավելի է դժվարանում»,-ասաց նա։ 

Նման տեսակետ ունի նաև սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը։ «Եթե լինի պատերազմ, բնականաբար, սփյուռքահայերը կամ շատ հայրենասեր երիտասարդներ պատրաստ կլինեն պաշտպանել հայրենիքը։ Ես կարող եմ ասել, որ սփյուռքահայերը շատ հաճախ ավելի հայրենասիրական ոգով են դաստիարակվում, քան Հայաստանի հայերը։ Այսինքն՝ բնական է, այդ ոգին միշտ էլ եղել է, և դեռևս 1990-ականների սկզբին Հայաստանի հայերն ականատես են եղել, թե սփյուռքից ինչպիսի աջակցություն են ցուցաբերել հայերը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ 

Ի պատասխան դիտարկման, թե սփյուռքում արդեն 3-րդ, 4-րդ սերունդը հեռանո՞ւմ է հայկական արմատներից, դժվա՞ր է նրանցից հայրենասիրություն ակնկալել, սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահն ասաց. «Իրականում սփյուռքում որոշակի խնդիրներ կան։ Բնականաբար` կախված երկրից և միջավայրից` տարբեր երկրների հայերի վիճակը տարբեր է։ Դասական սփյուռքում շատ հզոր է պահպանվում հայրենասիրական ոգին, և նույնիսկ ձուլման խնդիր չկա: Կան երկրներ էլ, որտեղ նոր ձևավորվող սփյուռքում հայկական դպրոցներ չկան։ Իրականում կան խնդիրներ, որոնք կարող են անդրադառնալ նշված խնդրի վրա, բայց ամեն դեպքում` հայրենասեր երիտասարդները պատրաստ են պաշտպանել հայրենիքը»։ 

Հարցին, թե շա՞տ են, արդյոք, սփյուռքահայ երիտասարդների շրջանում իր իսկ նշած հայրենասերները, Սամվել Մկոյանը պատասխանեց. «Իմ գործունեության ընթացքում հիմնականում առնչվում եմ Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ և կարող եմ նշել, որ բավականին շատ են։ Միգուցե նրանք հենց այն մարդիկ են, ովքեր սիրում են Հայաստանը և գալիս են այստեղ` սովորելու, բայց կարող եմ նաև ասել, որ կա մի հատված, որը գալիս և հաստատվում է Հայաստանում։ Այսինքն՝ գալիս է այստեղ` սովորելու, և ընտանիքի անդամներին է կանչում Հայաստան»։

Նա նաև նշեց, որ իրենց կառույցը համագործակցում է սփյուռքում գործող տարբեր երիտասարդական կառույցների հետ, բայց դա շատ քիչ է, որպեսզի այնտեղ ապրող երիտասարդների մասին ամբողջական պատկերացում կազմվի։

Արևմտահայ հասարակական գործիչ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը մտահոգություն ունի, որ եթե թշնամու կողմից Հայաստանի հանդեպ որևէ ոտնձգություն լինի, սփյուռքի մասնակցությունն ավելի քիչ կլինի, քան եղել է Արցախյան ազատամարտի տարիներին։ «Հիմա Հայաստանում սփյուռքից շատ ծանոթներ ունեմ, նրանց մոտ կա նման մտահոգություն, բայց նրանց մոտ տեղեկություն ճշգրտելու պահանջ կա ավելի շատ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։ 

Սարգիս Հացպանյանի խոսքով՝ ինքն այն հայորդիներին է ճանաչել, ովքեր թողել են իրենց բարեկեցիկ կյանքը և Արցախյան պատերազմի ժամանակ եկել հայրենիքը պաշտպանելու, բայց հիմա իր համար անհասկանալի է այսօրվա սերունդը։ Նա վստահեցնում է՝ իր սերնդակիցներն այսօր ևս մեկ մարդու նման ոտքի կկանգնեն և կհանեն երկիրը նման իրավիճակից, բայց նույնը չի կարող ասել այսօրվա սերնդի մասին. «Իմ սերնդի և այժմյան սերնդի միջև նույն արժեքային համակարգը չէ, գրեթե լիովին իրարից տարբերվում են։ Ես չեմ հասկանում այսօրվա սփյուռքյան երիտասարդությանն այդ իմաստով։ Ափսոս, որովհետև այժմ մեր հաղթանակները մսխելու ժամանակներն ենք ապրում, որն ինձ խորը ցավ է պատճառում»։