Ի դեմս Էրդողանի՝ գործ ունենք հակահայկական, հակաքրիստոնեական երանգներով փողոցային ժարգոնի տեր մարդու հետ. թուրքագետ
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարբերվեցին նախորդներից, քանի որ ժողովուրդն առաջին անգամ ուղիղ ընտրություններում ընտրեց իր նախագահին:
«Այս ընտրություններում տեսանք երկու տարբեր ազգայնականությունների մրցապայքար, և երկու մրցակիցները միասին հավաքեցին մոտավորապես 90 տոկոս ձայն, ինչը ցույց տվեց, որ Թուրքիայի ընտրազանգվածի մեծագույն մասն իր նախընտրություններով ազգայնական է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում քրդերը գտնվում են քաղաքացիական ինքնության աճի պրոցեսում, և դա բավական հետաքրքիր քաղաքական պլատֆորմ է՝ հետագայում քրդական խնդիրն էլ ավելի քաղաքական դաշտ տեղափոխելու համար:
Թուրքագետը հետաքրքրական համարեց նաև այն, որ քաղաքականության մեջ ոչ այնքան հայտնի մի գործիչ՝ Էքմելլեդդին Իհսանօղլուն, հավաքեց գրեթե 39 տոկոս ձայն, ինչը խոսում է, որ քեմալական ազգայնականները և «Գորշ գայլերն» ունեն կայուն ընտրազանգված:
«Այս ամենը հետաքրքիր զարգացումների կարող է հանգեցնել մոտ ապագայում, երբ Թուրքիայում կլինեն խորհրդարանական ընտրություններ, և քեմալականներն ու «Գորշ գայլերը» կարող են միավորվել և լուրջ խնդիր առաջացնել իշխող ուժի համար»,–ասաց նա:
Հետընտրական զարգացումների մասին խոսելով՝ բանախոսն ասաց, թե իրեն հետաքրքրում է արդեն նախկին նախագահ Գյուլի կարգավիճակը, քանի որ պետք է տեսնել՝ արդյո՞ք նա կցանկանա լինել երիտասարդ թոշակառու, թե կշարունակի քաղաքականության մեջ ունենալ որոշակի ամբիցիաներ:
«Ակնհայտ է, որ Գյուլը չի կարող լինել վարչապետ, քանի որ վարչապետ լինելու համար պետք է լինել պատգամավոր: Կարծում եմ, որ 2015 թվականին Թուրքիայում անցումային վարչապետ է լինելու, որն ամենայն հավանականությամբ կարող է լինել ներկայիս արտգործնախարար Դավութօղլուն: Իսկ արտգործնախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել տխրահռչակ Չավուշօղլուն, ով հայտնի է իր հակահայկական դրսևորումներով»,-ենթադրեց Ռուբեն Մելքոնյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե ականատես ենք լինելու Հայաստանի և հայության նկատմամբ ավելի անհանդուրժող վերաբերմունքի՝ հաշվի առնելով երկրի նախագահի անհանդուրժող բնավորությունը:
«Հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների հետ կապված մենք զարգացումների հույս չպետք է ունենանք: Ի դեմս Էրդողանի՝ մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ունի փողոցային ժարգոն՝ հակահայկական, հակահունական, հակաքրիստոնեական երանգներով»,-ասաց թուրքագետը:










