Ալիևի հետ բանակցել պետք է ինչպես սեփական տուն մտած ավազակի հետ՝ ճանապարհելիս հարկ է զննել գրպանները. Ս. Ֆարմանյան

11:30 • 18.08.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի շուրջ առաջացած վերջին զարգացումներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ու Իտալիայի վարչապետի կողմից ստորագրված՝ ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրի մասին իրարամերժ հայտարարություններին, որով, իբրև թե, միանշանակ աջակցություն էր հայտնվում Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ ՀՀԿ պատգամավորը չբացառեց, որ Ալիև կրտսերը կարող է մի ինչ-որ պահի արդեն կորցնել դեպքերի զարգացման ընթացքի վրա վերահսկողությունը և ըստ այդմ էլ ընդգծեց, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է է՛լ ավելի ակտիվացնեն աշխատանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ընդհանրապես միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով իրերի իրական դասավորությունը մեր տարածաշրջանում և խաղաղության հեռանկարները: Ըստ նրա՝ Ալիևի հետ բանակցել պետք է, ինչպես սեփական տուն մտած ավազակի հետ՝ ճանապարհելիս ապահովության համար զննելով նրա գրպանները:


- Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի ու խաղաղության հնարավոր հեռանկարները:


- Վերջին շրջանի զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, իր ներկա բռնատիրական վարչակարգով դարձել է լուրջ մարտահրավեր տարածաշրջանային կայունության և խաղաղության համար: Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն այսօր իրականում պատրաստ չէ պատերազմի, ինչքան էլ դրա մասին տարբեր ամբիոններից բարձրաձայնեն Իլհամ Ալիևը և այդ երկրի ոտքից գլուխ կոռումպացված ռազմական իշխանությունները, ու այս մասին ամենալավը գիտի անձամբ Ալիև կրտսերը: Ով ով, բայց նա շատ լավ է հիշում Ալիև ավագի՝ իշխանության հետ միասին փոխանցված ամենակարևոր խորհուրդը՝ ընտանեկան բռնատիրությունը միջնադարյան այդ հասարակությունում հավերժ է և միայն երկու դեպքում կարող է կործանվել. 1) երբ կավարտվեն Ադրբեջանի նավթային պաշարները և, արդեն զրկված լինելով Արևմուտքի քաղաքական աջակցությունից, անհնար կդառնա զսպել նավթային ասեղի վրա տասնամյակներով նստած զինվորականության իշխանական ձգտումները, ու 2) երբ նույն զինվորականությունը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելու պարագայում կսկսի Ալիև կրտսերին մեղադրել ռազմական գործողություններում կրած խիստ կանխատեսելի անհաջողությունների ու տարածքային նոր կորուստների համար: Իլհամ Ալիևն այս ամենը գիտի ընտանեկան փորձից և զգում է բնազդաբար: Իսկ հայկական զինված ուժերի վերջին շրջանի պատժիչ գործողությունները պետք է որ է՛լ ավելի սրած լինեն նրա այդ բնազդը: Բայց մեզ Ադրբեջան անվանումով պատմական նորագոյացության տարածքային ամբողջականությունը կամ նրա խանական վարչակարգի ճակատագիրը չէ, որ հետաքրքրում է, այլ այն, որ ալիևյան վարչակարգը, նրա անհեռատես քաղաքականությունը կարող է օգտագործվել տարբեր նպատակներ հետապնդող ներքին ու արտաքին ուժերի կողմից՝ սպառնալու տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը, ու արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ալիև կրտսերը կարող է մի ինչ-որ պահի արդեն կորցնել դեպքերի զարգացման ընթացքի վրա վերահսկողությունը: Այս համատեքստում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է է՛լ ավելի ակտիվացնեն աշխատանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ընդհանրապես միջազգային հանրության հետ՝ ներկայացնելով իրերի իրական դասավորությունը մեր տարածաշրջանում և խաղաղության հեռանկարները:


- Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ նաև Իլհամ Ալիևի՝ հուլիսի կեսերին Հռոմ կատարած պաշտոնական այցի շուրջ, երբ Հռոմում Ադրբեջանի դեսպանությունը միակողմանիորեն հրապարակեց, իբր թե, Ադրբեջանի նախագահի ու Իտալիայի վարչապետի կողմից ստորագրված՝ ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիր, որով, իբրև, միանշանակ աջակցություն էր հայտնվում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչին հաջորդեց Բաքվում ու Երևանում Իտալիայի դեսպանության, ապա նաև Իտալիայի Արտգործնախարարության հատուկ հայտարարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս անսովոր խառնաշփոթը:


- Տպավորությունն այնպիսին է, որ ալիևյան վարչակարգը իր երկիրը սրընթաց տանում է հնարավոր ամենաանհեռանկարային՝ հյուսիսկորեական ճանապարհով: Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության կեղծ մեղադրանքով զնդաններ նետելով բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայնել Ադրբեջանում հաստատված բռնատիրական կոռումպացված վարչակարգի մասին, Ալիևն այսօր իրականում օրվա խնդիր է լուծում՝ Ադրբեջանի «ստախանովյան հաջողությունների» մասին կեղծ տվյալներ մատուցել և հակահայկականության օրական դոզան հայթայթել ու ներարկել՝ իր իսկ կողմից «ասեղի» վրա դրած սեփական ժողովրդին: Ու այդ ճանապարհին բնավ կապ չունի, թե ինչպիսին է իր երկրի ու ադրբեջանական իշխանությունների իրական միջազգային հեղինակությունը, արցախյան հակամարտության կարգավորման իրական հեռանկարներն ու միտումները՝ բանակցությունների սեղանի շուրջ կամ արցախյան ու ադրբեջանական զինուժերի շփման գծում: Իլհամ Ալիևի՝ Հռոմ կատարած պաշտոնական այցելության շուրջ բարձրացած աղմուկը հենց նման մտածողության արգասիք է, այլ կերպ հնարավոր չէ բացատրել: Չեմ պատկերացնում, թե ինչպես թեկուզ իր անձը, կամ երկրի ղեկավարի ինստիտուտը, կամ գոնե սեփական ժողովրդին հարգող որևէ առաջնորդ կարող էր միջազգային հարաբերություններում դիմել նման մանր «ժուլիկության»: Բացատրությունը մեկն է՝ դիվերսիոն նախաձեռնողականության օրերին Ալիև կրտսերը սեփական ժողովրդին ներարկելու «դոզայի» նոր չափաբաժնի կարիք ուներ ու չխորշեց գնալ սեփական վարկանիշը զրոյացնող ճանապարհով: Իտալիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, դրան նախորդած հաղորդագրությունները Երևանում ու Բաքվում Իտալիայի դեսպանությունների կողմից, իտալական ու նաև ադրբեջանական մամուլի բազմաթիվ հրապարակումները գալիս են ժողովրդավարական որևէ երկրի առաջնորդի հուշելու, որ Ալիևի հետ բանակցել պետք է, ինչպես սեփական տուն մտած ավազակի հետ՝ ճանապարհելիս ապահովության համար զննել նրա գրպանները: Գոնե իտալական իշխանությունները այսօր դրանում չեն կասկածում: Շուրջ երկու տարի աշխատելով որպես Նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ կարող եմ պնդել, որ բարձրագույն մակարդակի այցերի՝ երկրի ղեկավարի պետական այցելությունների ժամանակ ստորագրվող որևէ փաստաթուղթ, առավել ևս «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագրերը, հրապարակվում են ստորագրող երկու կողմերի կողմից, ընդ որում համաժամանակյա, երկու տարբեր լեզուներով և անմիջապես տարածվում են զանգվածային լրատվության միջոցներով ու տեղադրվում են երկու երկրների առաջնորդների պաշտոնական կայքէջերում: Մինչ Ալիևի՝ Հռոմ կատարած արդեն «պատմական» դարձած այցը, միջազգային հարաբերությունների հետպատերազմյան պատմության մեջ գոնե մեկ նման բացառություն գտնել հնարավոր չէր: Սա կարող են հաստատել նաև միջազգային հարաբերությունների մասին նվազագույն գիտելիքներ ունեցող ուսանողները: Պետք է նաև արժանին մատուցել Իտալիայում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը՝ ներդրված արդյունավետ, այդ թվում՝ կանխարգելիչ դիվանագիտական ջանքերի համար: Նաև պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ռազմավարական փոխգործակցության կամուրջներ գցող Իտալիայում մեր դիվանագիտական առաքելությունը ադրբեջանական նախաձեռնությունները Հռոմում կասեցնելու արդեն հաջող փորձ է կուտակել: Հիշենք թեկուզ Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու լիագումար նիստին ներկայացված հակահայկական բանաձևերի ճակատագիրը, որոնք այդպես էլ մնացին Հռոմում Ադրբեջանի դեսպանի սեղանին:


- Բայց այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս է հնարավոր այդ մակարդակում տարածել մի տեքստ, որը գոյություն չունի: Նաև ոմանք պնդում էին, որ տեղի ունեցածը դիվանագիտական պարտություն էր հայկական կողմի համար:


- Եթե անկեղծ, ապա հաշվի առնելով Ադրբեջանում ձևավորված զանգվածային կեղծապաշտության մթնոլորտը, տեղի ունեցածը ինձ համար բնավ զարմանալի չէ: Ալիևը այլընտրանք չունի՝ սեփական ժողովրդին պետք է կերակրի նման «մեկը մյուսից համեղ պատառներով»՝ իրական թե մտացածին՝ էական չէ: Չէ՞ որ Բաքվում նրան դեռ ոչ ոք այդ մասին չի հիշեցնում ու հաշիվ չի պահանջում: Զարմանալին, եթե կուզեք, այն է, որ ադրբեջանական քարոզչական ծուղակում կարող են հայտնվել մեր դիվանագիտական կորպուսում երկար ժամանակ անցկացրած «դիվանագետները» և գոնե մասնագիտական հանրության աչքում չամաչել՝ հերթական անգամ կասկածի տակ առնել իրենց պրոֆեսիոնալ պիտանելիությունը: Իսկ եթե պատկերացումները դիվանագիտության, դիվանագիտական հաղթանակների ու պարտությունների վերաբերյալ իրոք այնպիսին են, ինչպես գոնե հրապարակայնորեն ներկայացվում է, ապա, կամ սխալ մասնագիտություն են ընտրել կամ էլ, հավանաբար, սխալ երկրում ծնվել: