Թուրքիայում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ լրտեսության հետ կապված սկանդալի պատճառով
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերխարդ Պոլին` Թուրքիային գերմանական հատուկ ծառայությունների կողմից լրտեսելու հետ կապված սկանդալի առնչությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը, «եթե հայտնաբերվեն անգամ չնչին ապացույցներ, Գերմանիան ստիպված կլինի բացատրություններ տալ ողջ լրջությամբ»:
«Նման բանը բացարձակապես անընդունելի է բարեկամ և դաշնակից պետությունների հարաբերություններում, որոնց միջև պետք է լինի փոխադարձ վստահություն և հարգանք: Մենք ակնկալում ենք, որ եթե գերմանական մամուլում հայտնված տվյալները ճիշտ լինեն, Գերմանիայի իշխանությունները բացատրություններ կտան և անմիջապես կդադարեցնեն այդ աշխատանքը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքական կողմից այդ ուղերձը փոխանցվել է նաև Գերմանիայի դեսպանին դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:










