ԱԻՆ-ի և ԵԿՄ-ի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

11:30 • 19.08.14

Արտակարգ իրավիճակների նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Իսկ մինչ այդ ԱԻՆ և ԵԿՄ մի շարք անդամներ պարգևատրվեցին կառույցների ղեկավարների կողմից, տրվեցին փոխադարձ պարգևներ:


Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրիկ Խաչատրյանը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի ղեկավար, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Վերջինս պարգևատրվեց նախարար Արմեն Երիցյանի կողմից:


«Ես վստահ կարող եմ ասել, որ հարյուր տոկոսով պաշտպանված է մեր ժողովրդի այսօրվա առօրյան, ես հպարտ եմ, որ դուք կարողացել եք միջազգային չափանիշներին համապատասխան նախարարություն ստեղծել»,-ասաց Մանվել Գրիգորյանը և ավելացրեց, որ այսօրվանից հետո համագործակցության խնդիրը վերածվելու է հրամանի:


Արմեն Երիցյանն իր հերթին ներկայացրեց համագործակցության եզրերը՝ նշելով, որ իրենք պետք է կարողանան ԵԿՄ-ի ներուժը ևս օգտագործել:


Պարգևատրման արարողությունից անմիջապես հետո շարահրապարակում տեղի ունեցավ հրշեջ փրկարարական և հատուկ ավտոմեքենաների ու տեխնիկայի ցուցադրում և ցուցադրական վարժանքներ:


Նախարարը և գեներալները միասին կապ հաստատեցին ԱԻՆ փրկարար ծառայությունների մարզային կառույցների հետ և ծանոթացան օպերատիվ իրավիճակին: