Բենյամին Նեթանյահուն հրահանգել է իսրայելական բանակին` վերսկսել հարվածները Գազայի ուղղությամբ

19:45 • 19.08.14

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է զորքերին` վերսկսել հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ՝ կապված այն բանի հետ, որ պաղեստինցի զինյալները խախտել են հրադադարի ռեժիմը՝ այնտեղից երեք հրթիռ արձակելով: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, որն էլ վկայակոչում է կառավարության աղբյուրին:


«ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտմանն ի պատասխան վարչապետն ու պաշտպանության նախարարը հրաման են արձակել վերսկսել հարվածները գազայի հատվածի ահաբեկչական թիրախների ուղղությամբ», - հայտնել է աղբյուրը:


Լույս օգոստոսի 19-ին Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում որոշել են երկարաձգել հրադադարի ռեժիմը ևս 24 ժամով:


Օգոստոսի 11-ից Եգիպտոսում Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունների միջև բանակցություններ են անցկացվում՝ Գազայում հրադադար հաստատելու համար: