Չինաստանում ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել՝ քնած ավիադիսպետչերների պատճառով
Չինական ավիաընկերության ինքնաթիռը որոշ ժամանակ չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ երկու ավիադիսպետչերները ննջել են աշխատանքի պահին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Boeing 737 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Ուհանի օդանավակայանում, սակայն մոտ 12 րոպե չի կարողացել պատասխան ստանալ օդային շարժը կարգավորող աշխատակիցներից: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել մեկ ամիս անց:
«Օդաչուները նրանց դիմել են մի քանի անգամ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել և չեն կարողացել կապ հաստատել կառավարման կենտրոնի հետ»,- հայտարարել է քաղավիացիայի ներկայացուցիչը:
Ի վերջո ինքնաթիռը կարողացել է կապ հաստատել կենտրոնի հետ և վայրէջք կատարել օդանավակայանում:
Twitter-ի չինական տարբերակը համարվող Sina Weibo-ի շատ օգտատերեր բացասաբար են արձագանքել տեղի ունեցածին:
«Նրանց աշխատանքն իրոք բարդ է, սակայն հերթապահության ժամին քնելն անթույլատրելի է: Հարյուրավոր մարդկային կյանքեր են կախված նրանց գործողություններից»,-գրել է օգտատերերից մեկը:
«Նրանց պետք է հնարավորություն տան բանտում քնելու»,- հավելել է մեկ ուրիշը:










