Քրդերը Քրդստան ստեղծելու ծրագիր ունեն. Ազիզ Թամոյան

13:08 • 19.08.14

«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը մամուլի ասուլիսին անդրադառնալով եզդիների դեմ իրականացվող ցեղասպանությանը՝ նշեց, որ իսլամիստները Հյուսիսային Իրաքում եզդիներին ֆիզիկապես ոչնչացնում են, երեխաներին մորթում են, ինչն անտանելի է մարդկության համար, և պետք է ինչ-որ կերպ օժանդակել, օգնել եզդիներին:


Նա հայտնեց, որ Իրաքի հյուսիսային մասում եզդիների թվաքանակը մեկ միլիոն 300 հազար է: «Բարբարոսաբար եզդիական գյուղերը ոչնչացվել են, և գյուղերից մնացել են միայն լեռներ»,- նշեց նա։


Ազիզ Թամոյանն ասաց, որ եզդիներին գնդակահարում են, որովհետև չեն ընդունում իրենց կրոնը։ «Թքեմ դրանց կրոնի վրա, դա կրո՞ն է, դա ստորություն է, դա կեղտոտություն է, որ կրոնի համար մարդկանց կոտորում են»,- ասաց նա և նշեց, որ տեռորիստները նույն քրդերն են:


Միության նախագահը դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն այս հարցին: «Նրանք Քրդստան ստեղծելու ծրագիր ունեն և վերացնում են այլ ազգերին, այնտեղ ապրում են հայեր, հույներ, բոլորին վերացնում են»,- ասաց նա: Ազիզ Թամոյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն՝ արձագանքելու համար:


Եզդիների շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ եզդի ազգը դարձել է մի քանի մարդկանց քաղաքական և տարածքային նկատառումների զոհ: Ըստ նրա՝ այս ամենը Իրաքի, Թուրքիայի նախագահների կողմից է ծրագրված:


«Ինչպես կարելի է մի ազգի ոչնչացնել կրոնը չընդունելու համար»,- նշեց նա և նկատեց, որ սա եզդիների նկատմամբ իրականացվող երկրորդ ցեղասպանությունն է: Բրո Հասանյանն ասաց, որ երեխաներին մորթում են, կանանց բռնաբարում են և այդ տարածքներում համաճարակ է տարածված, որովհետև դիակները թողնված են փողոցներում:


Նա կոչ արեց տարբերել եզդիներին քրդերից, քանի որ քուրդը մուսուլման է, իսկ եզդին արևապաշտ: Նա ևս իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանությանը, ժողովրդին իրենց ցավին զորակից դառնալու համար:


Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանն անհասկանալի համարեց, որ ամբողջ Եվրոպան տեղ է տալիս մուսուլմաններին: «Գերտերություններն ինչո՞ւ չեն արձագանքում այս ամենին»,- ասաց նա։


Ի հակառակ մյուս բանախոսների՝ պարոն Սլոյանն ասաց, որ սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները իրենց շատ պասիվ էին պահում և նոր սկսեցին ձայն բարձրացնել: «Երբ մենք հավաքվել էինք կառավարության շենքի դիմաց, Հովիկ Աբրահամյանը չբարեհաճեց մեկ րոպե իջնել և հանդիպել եզդիներին»,- ասաց նա: