Ականատեսները պատմել են Ֆերգյուսոնում սևամորթ դեռահասի սպանության մանրամասները

11:38 • 19.08.14

ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը կրակել է սևամորթ դեռահասի վրա, երբ վերջինս փորձել է հարձակվել իրավապահի վրա և խլել նրանից զենքը: Այդ մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով CNN-ին, պատմել է Ջոզի անունով ներկայացող անձը, ով պնդում է, որ ականատես է եղել սպանությանը:

 

Ջոզին նաև պատմել է, որ դեռահասը՝ Մայքլ Բրաունը, և իր ընկերը քայլելիս են եղել փողոցի երթևեկելի մասով, երբ ոստիկան Դարեն Ուիլսոնը, իջեցնելով ոստիկանական մեքենայի ապակին, հրամայել է դեռահասին կանգնել, որից հետո ոստիկանը փորձել է դուրս գալ մեքենայից: Այդ պահին դեռահասը նրան հրել է և հարվածել դեմքին՝ փորձելով ոստիկանից վերցնել հրազենը:

 

Անմիջապես դրանից հետո տղան և իր ընկերը որոշել են փախչել: Ոստիկանը հրամայել է նրանց կանգնել և ապա կրակել տղայի ուղղությամբ: Նա ընկել է ոստիկանից մեկ մետր հեռավորության վրա: 

 

Այլ վկաներ էլ պնդում են, որ տղան անզեն է եղել և ձեռքերը բարձրացրած, երբ ոստիկանը կրակել է նրա վրա:

 

Ֆերգյուսոն քաղաքի բնակիչների 70%-ն աֆրոամերիկացիներ են, և տղայի սպանությունը լայնածավալ բողոքի ալիք է առաջացրել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին: