«Իսլամական պետություն» խմբավորումը խոստացել է ԱՄՆ-ին խեղդել արյան մեջ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը (ավելի վաղ կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) սպառնալիք է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով:
Անգլերենով պատրաստված տեսաուղերձում, որը հրապարակվել է համացանցում, խմբավորման ներկայացուցիչները խոստանում են ամենուր հարձակվել ամերիկացիների վրա, եթե Վաշինգտոնը չդադարեցնի ավիահարվածներ հասցնել Իրաքում զինյալների դիրքերին:
«Մենք ձեզ բոլորիդ կխեղդենք արյան մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Իրաքում ամերիկյան ավիահարվածների արդյունավետության մասին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել վերահսկողությունը Մոսուլի ռազմավարական շրջաններում: «Վերջին 11 օրերին ամերիկյան ավիահարվածների շնորհիվ կասեցվել է ահաբեկիչների առաջխաղացումը դեպի Էրբիլ»,- ասել էր Օբաման:
«Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում լայնածավալ հարձակում էր սկսել 2014թ.-ի հունիսին: Ծայրահեղականներին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաք:










