Փարիզում հայերը մասնակցել են ի նշան եզդիների և քրդերի հետ համերաշխության ցույցին (լուսանկարներ)

10:55 • 19.08.14

Փարիզում՝ Սեն Լորանի եկեղեցու առջև, օգոստոսի 16-ին մոտ 1.200 ցուցարար է հավաքվել՝ «Մենք բոլորս եզդի ենք», «Ազատել Օջալանին», «Տագնապ՝ ցեղասպանություն է» կարգախոսներով:

 

Ցույցի ընթացքում, որը կազմակերպել էր Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիան՝ մի շարք քրդական ու եզդիական կազմակերպությունների մասնակցությամբ, մի շարք ելույթներ են հնչել, որոնք կոչ են արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել Իրաքում քաղաքացիական բնակչության դեմ իսլամիստների իրականացրած հանցագործությունների վրա, գրում է Nouvelle d'Armenie-ն:

 

Ի նշան եզդիների հետ համերաշխության՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը հայտարարել է, որ «հայկական համայնքը սարսափ և վրդովմունք է ապրում՝ տեսնելով զանգվածային հանցագործությունները»: Նա ողջունել է քուրդ ժողովրդի դիմադրությունը, որը դե ֆակտո «օգնության ձեռք է այդ հողերում ապրող բոլոր ժողովուրդների համար»:

 

«Արդյոք ընդունելի՞ է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մենք տեսնենք, թե ինչպես են մարդիկ փախչում սեփական հողերից՝ խուսափելու այդչափ վայրագ ու հետադիմական գաղափարախոսության ավերիչ հետևանքներից»,- իր ելույթում ասել է Արա Թորանյանը:

 

Նա նաև կոչ է արել հիշել հայերին, ասորիներին, պոնտոսցի հույներին, եզդիներին, ալևիներին և քրդերին, որոնց հետապնդել են տարբեր երկրներում:

 

Թորանյանը կոչ է արել հայկական համայնքին պաշտպանել Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիայի կոչը հանուն ընդհանուր արժեքների: «Այո՛, մենք ձեզ պաշտպանում ենք ձեր պայքարում, քանի որ դուք ինքներդ վտանգի մեջ եք, ինչպես նաև այն պատճառով, որ մենք շարունակում ենք պաշտպանել շահերի տեսլականը տարածաշրջանի համար, որին մենք շատ կապված ենք: Տեսլական, որը պահանջում է հարգանք այնտեղ ապրող ժողովուրդների և նաև նրանց նկատմամբ, ովքեր գուցե ժամանակավորապես այնտեղ այլևս չեն ապրում»,- ասել է նա:

(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)
 
(JPEG)