Առանձնացնե՛նք ազգային խնդիրները, նվիրվենք դրանց լուծմանը, նոր միայն անցնենք մասնավորին. Երվանդ Մանարյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկրում տիրող ներկա իրավիճակում նախ պետք է առանձնացնել ազգային խնդիրները, կարողանալ նվիրվել դրանց լուծմանը, նոր միայն անցնել մասնավոր խնդիրներին: «Մասնակի շահ բոլոր ժողովուրդներն էլ ունեն: Դա քո ամենօրյա գործունեության արդյունքն է: Օրինակ՝ մենք չենք կարող ասել, որ Արցախի և Լոռու մարզերում մարդկանց շահերը նույնն են: Իսկ գերակա ազգային շահ ես այսօր համարում եմ հենց այն, որ մենք կարողանանք պետություն կառուցել: Մենք այդ ընթացքի մեջ ենք, այսօր չունենք դա»,- նշեց Մանարյանը:
-Վերջին շրջանում երկրում տիրող իրավիճակը Ձեզ մոտ ի՞նչ մտահոգություններ է առաջացնում՝ պայմանավորված արտաքին վտանգներով:
-Սովորական քաղաքական իրողություններ են, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, պարզապես սովետի տարիներին սովորած մարդիկ ենք, և երբ ինչ-որ մեկն իր կարծիքն է արտահայտում, մեզ թվում է, թե ինչ-որ արտառոց բան է եղել: Կյանքը սա է, առանձնապես արտասովոր բան չկա:
-Սահմանին իրավիճակը բավականին լարված էր, շատ ազատամարտիկներ էլ որոշեցին առաջնագիծ գնալ: Դուք այդ ամենի մեջ վտանգ տեսնո՞ւմ եք:
-Այդ վտանգն արդեն քանի հազար տարի է մեզ հետ է, մեր աշխարհագրական դիրքի մեջ է: Նման հարևանության մեջ սովորական բան է մեր իրավիճակը: Սա ի՞նչ հարևանություն է, աշխարհում այսպիսի իրավիճակում գտնվող ժողովուրդ չկա, որ շրջապատված լինի բացառապես հակադիր կրոնական դավանանքներով: Մենք` քրիստոնյա պետություն, հարավը՝ մուսուլման, արևելքը՝ մուսուլման, արևմուտքը՝ մուսուլման: Իհարկե` պարսիկների մասին ես ոչինչ չեմ կարող ասել, բայց նրանք ևս այլ դավանանքի են:
-Դուք ևս դեռ տարվա սկզբին մասնակցում էիք երկրում իշխանափոխություն պահանջող ազատամարտիկների հանրահավաքներին, բայց վերջին շրջանում նրանք էլ մոռացան իրենց պահանջի մասին: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք նրանք երկրին սպառնացող վտանգ էին զգում, որ մոռացան այդ ամենը և սկսեցին խոսել միայն հայրենիքի մասին:
-Նրանք սկզբում բուռն կոչեր էին անում, բայց ինձ թվում է, որ նրանք ինչ-որ տեղ ինչ-որ բան կորցրեցին, ինչ-որ պահ կորցրեցին: Կար մի պահ, որ կարելի էր հետևողական լինել և ավելին շահել, բայց նրանք կորցրին այդ պահը: Այդպես պատահում է: Պետության ստեղծման սովորական ընթացք է:
Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, նրանց խնդիրն ուրիշ է, իսկ իշխանափոխությունը լիովին ուրիշ հարց է: Մենք շատ ենք ուզում մեկընդմիշտ ճշգրտված պատասխան ստանալ, բայց պատմությունն այդպես չի ցույց տալիս: Մենք ուզում ենք մեր խնդիրներն անհապաղ լուծված տեսնել, բայց այդպես չէ: Ամեն մի հայ իր խնդիրն ունի:
Ճիշտն այն վիճակն է, որի մեջ մենք հիմա գտնվում ենք: Մենք պետք է կարողանանք մեր բուն ազգային խնդիրներն առանձնացնել, նվիրված լինել այդ խնդիրները լուծելուն և հետո արդեն անցնել մասնակի հարցերին: Իսկ լուրջ խնդիրները մի հարվածով չեն լուծվում:
-Օրինակ՝ ազգային ի՞նչ խնդիր եք տեսնում, որը պետք է տարանջատել մնացած բոլոր խնդիրներից և մտածել լուծման մասին:
-Մենք պետք է կարողանանք երկիր դառնալ, մենք պետություն ենք ստեղծում, մենք տարիներ շարունակ պետություն չենք ունեցել, և մեր բոլոր խնդիրները դրանից են գալիս: Մեզ բախտ է վիճակվել պետականություն ստեղծելու, բայց դա սերունդների լուծելու խնդիր է: Այսպիսի ճակատագիր ունեցող ժողովուրդ չկա աշխարհում, և սա շատ բարդ խնդիր է:
Մեր խնդիրն է նաև այն, որ մենք շատ ենք սփռված աշխարհով մեկ, ասում ենք՝ հայ ենք, հայ ենք, բայց Ամերիկայի հայի համար այլ շահ կա, Հայաստանի հայի համար` լիովին այլ:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօր համարվում ազգային շահ և որը` մասնավոր:
-Մասնակի շահ բոլոր ժողովուրդներն էլ ունեն: Դա քո ամենօրյա գործունեության արդյունքն է: Օրինակ՝ մենք չենք կարող ասել, որ Արցախի և Լոռու մարզերում մարդկանց շահերը նույնն են: Իսկ գերակա ազգային շահ ես այսօր համարում եմ հենց այն, որ մենք կարողանանք պետություն կառուցել: Մենք այդ ընթացքի մեջ ենք, մենք այսօր չունենք դա: Դա բարդ գործընթաց է, որ հիմա լավ է ընթանում, դրա համար մի քանի սերունդ է պետք: Դուք ուզում եք, որ քսան տարվա ընթացքում այդ հարցերը լուծվե՞ն. չի լինում այդպես:
Ես այն համոզմանն եմ, որ հիմա ինչ կատարվում է, շատ ճիշտ է կատարվում, պարզապես մեր սպասելիքներն ու ցանկություններն ավելի շատ են:










