Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքները շարունակվում են
Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքները նոր թափ են ստացել, գրում է Hye Tert-ը:
Ստամբուլում գործող Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի միությունը սուրբ համարվող 2.798 մետր բարձրությամբ Մարութա սարի վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման համար քայլեր է ձեռնարկում:
Ավելի վաղ Բաթման նահանգի թանգարանների վարչության կողմից մաքրված եկեղեցում շինարարությունը շարունակվում է:
Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հույս ունի, որ չափագրման աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիս ամսին:
Դաղջըն նշել է, որ եկեղեցու վերաբացմանը հրավիրելու են նահանգապետարանի վարչակազմին, շրջանի մի շարք կազմակերպությունների, իսկ վերաբացված եկեղեցին մեծ նշանակություն է ունենալու Սասունում զբոսաշրջության զարգացման հարցում:
Նա ընդգծել է նաև դեպի եկեղեցին տանող ճանապարհի բարեկարգման անհրաժեշտությունը:
Դաղջըն համոզված է, որ եկեղեցու վերակառուցումից հետո այստեղ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են գալու, քան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցի:
«Այս լեռը սուրբ են համարում թե՛ մուսուլմանները, թե՛ հայերը: Աշխատանքների ավարտից հետո այս նահանգում զբոսաշրջիկները շատ կլինեն»,-ասել է Սասունի հայերի ներկայացուցիչը:










