Նիկոլ Փաշինյանն առաջարկել է արտոնություններ տալ սահմանապահ գյուղերի բնակիչներին

12:17 • 19.08.14

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին պատգամավորը տեղեկացնում է Facebook-ի իր էջում։ 

Փաշինյանը գրել է, որ նախագիծը ձևավորվել է հուլիս և օգոստոս ամիսներին մի շարք սահմանապահ համայնքներ կատարած այցերի ընթացքում տեղի բնակչության հետ ունեցած քննարկումների և պայմանավորվածության արդյունքում:

«Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել հետևյալ արտոնությունները՝ 

ա) 50 տոկոս զեղչ՝ էլ. էներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների մասով: 

բ) Սահմանապահ համայնքների բնակիչները ազատվում են հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:

դ) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով անօթևան մնացած բնակիչներին մեկամսյա ժամկետում տրամադրվում է համարժեք օթևան՝ նույն համայնքի տարածքում:

ե) ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

զ) Սահմանապահ համայնքներին պետական բյուջեի միջոցներից տրվում է ամենամյա օգնություն՝ համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու և երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար»,-սոցկայքում գրել է ԱԺ պատգամավորը: