Սահմանին տիրող իրավիճակը թելադրում էր, որ բոլոր քաղաքական ուժերը կանգնեն զինվորի կողքին. Ռուբեն Հակոբյան
Սահմանին տիրող իրավիճակը թելադրում էր, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական կանգնեն զինվորի կողքին և ցույց տան, որ այս հարցում քաղաքական դաշտը միասնական է, սրա մեջ միայն լավ բան պետք է տեսնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ի վերջո՝ զինվորը, բանակն իր պահվածքով ցույց տվեց, որ եթե քաղաքական իշխանությունը չի կարողանում համախմբել իր ժողովրդին, ապա զինվորն իր կյանքի գնով, արժանապատիվ կեցվածքով կարողանում է իր շուրջը համախմբել թե՛ քաղաքական ուժերին, թե՛ ամբողջ հասարակությանը: Այդ ոգևորությունը, որ կար, դա զինվորը թելադրեց»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:
Նա նշեց, որ միասին դիրքեր այցելելու և հայտարարությամբ հանդես գալու նախաձեռնությունն ընդդիմությանն է՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանկարծ իշխանությունները համաձայնեցին ընդդիմության հետ, արդյո՞ք դա ինչ-որ տեղ PR ակցիա չէ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով եղել են Տավուշի մարզում։
«Հիմա ինչ-որ մեկը կփորձի դա օգտագործել իր համար, շահարկել, կամ եթե ինչ-որ անձանց ձեռք է տալիս, որ դրա տակ ինչ-որ բան տեսնեն, դա իրենց գործն է: Սակայն մի բան կարող եմ հստակ ասել, որ որևիցե PR ակցիայի հարց չկա այստեղ, պարզապես շատ ճիշտ ժամանակ ընդդիմությունը կարողացավ նախաձեռնություն ներկայացնել, որը պետք է արդյունք ունենար: Դուք մտածում եք, որ որևէ նորմալ առաջարկությանը քաղաքական մեծամասնությունը չպե՞տք է արձագանքեր»,-ասաց նա:










