Ռուսաստանը հետագա պատասխան պատժամիջոցներ է մշակում
Մոսկվան լրացուցիչ միջոցներ է մշակում, եթե Արևմուտքը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունը: Այդ մասին երեքշաբթի ria.ru-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մշակվում են տարբեր տարբերակներ: Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը կողմնակից չէ պատժամիջոցների լեզվով խոսելուն, և Ռուսաստանը չէ դա նախաձեռնել: Սակայն, եթե մեր գործընկերները շարունակեն ոչ կառուցողական և անգամ կործանարար պրակտիկան, նման դեպքի համար մշակվում են լրացուցիչ միջոցներ»,- ասել է Պեսկովը: Ընդ որում՝ նա չի մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ կառավարությունում արդեն մշակվել են արդյունաբերական արտադրանքի ներմուծման սահմանափակման վերաբերյալ մի շարք միջոցներ:
«Ведомости» պարբերականը, վկայակոչելով դաշնային պաշտոնյաների, հաղորդել էր, որ սննդամթերքի ներկրման արգելքից հետո Մոսկվան կարող է արգելել նաև արդյունաբերական արտադրանքի ներկրումը: Մասնավորապես, թերթի հաղորդմամբ, խոսքն ավտոմեքենաների, դեղորայքի և բուժսարքավորումների մասին է:










