Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և չի բացառվում 4 առաջնորդի հանդիպումը մինչև հանրահավաքը. Ստեփան Մարգարյան

21:24 • 19.08.14

Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և չի բացառվում, որ մինչև խոստացված աշնանային հանրահավաքը  լինի նաև քառյակի առաջնորդների մակարդակով հանդիպում: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։


«Քառյակն այդ ամենը կամփոփի սեպտեմբերի վերջին, ինչպես մենք պայմանավորվել և հայտարարել ենք, քառյակի ծրագրերից,  հայտարարությունից որևէ բան չի փոխվել»,-նշեց նա։


Ստեփան Մարգարյանը նշեց, որ թեև կոնկրետ օր և ժամկետ առաջնորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՅԴ առաջնորդներ Արմեն Ռուստամյանի և Հրանտ Մարգարյանի, հանդիպման համար ֆիքսված չէ, բայց հանդիպման պայմանավորվածություն միշտ էլ կա։ «Ես ոչինչ չեմ բացառում, ինչը հարմար է, մենք դա կանենք, բացարձակ որևէ խնդիր չկա՝ հանդիպում կազմակերպելու առաջնորդների մակարդակով։ Եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է՝ մի քանի հանդիպում էլ լինի, անհրաժեշտությունից է կախված, և ոչ թե նրանից, որ հանդիպման պայմանավորվածություն չկա. հանդիպման պայմանավորվածություն միշտ կա, բայց կոնկրետ օր, ժամկետ ֆիքսված չէ այս պահին»,- նշեց նա։


ԲՀԿ պատգամավորը նաև հստակ չնշեց, թե երբ կլինի խոստացված հանրահավաքը։ «Քառյակը դեռևս հանրահավաքի օր չի նշանակել»,- ասաց նա՝ համաձայնելով, որ հանրահավաքն անխուսափելի է, քանի որ իրենց պահանջած 12 կետը իշխանությունները գրեթե չեն կատարել։ «Ասել, որ ոչ մի կետ կյանքի չի կոչվել, այդքան էլ ճիշտ չի լինի, բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են, բայց ամփոփ գնահատականը մենք, ինչպես պայմանավորվել ենք, կտանք սեպտեմբերի վերջին։ Բայց ես հակառակը չեմ էլ պնդում. այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, քառյակի հայտարարության մեջ ինչ գրված է, որևէ բան չի փոխվել»։


Ստեփան Մարգարյանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քառյակի պաշտոնական նիստ չի եղել, բայց երկկողմ, եռակողմ հանդիպումներ լինում են. «Պաշտոնական նիստ կարծում եմ՝ սեպտեմբերին կլինի»։


Թե ինչ հարցեր են քննարկվել ոչ պաշտոնական հանդիպումներին՝ ԲՀԿ պատգամավորը չհստակեցրեց. «Այն, ինչ քառյակը որոշում է, հաստավում է չորսով, կոնսենսուսով, հիմա ես ասեմ՝ ի՞նչ կլինի. դա ճիշտ և կոռեկտ չէ։ Ցանկացած հարց, որ բարձրացվում է քառյակի անունից, որոշվում է քառյակի նիստում, այնպես որ՝ ես հիմա որևէ բան չեմ կարող ասել»։


Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե արդեն իսկ հակասություններ կան ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, որոնք կանգնած են աշնանային ճամփաբաժանի առաջ, Ստեփան Մարգարյանը նշեց, թե տեղյակ չէ՝ ինչ պառակտման մասին է խոսքը. «Այս պահին նման բան չկա, ինձ հայտնի չէ... ո՞վ է ասում, անկեղծությամբ չգիտեմ, կարող է՝ դա ցանկություն է, կարող է դիտավորյալ շրջանառության մեջ գցած լուր լինի, բայց ես ասում եմ՝ այս պահին ես որևէ բան չգիտեմ։ Որևէ խնդիր չի առաջացել առ այսօր, հատկապես՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, և ինձ որևէ բան հայտնի չէ»,- ասաց նա։