Սաակաշվիլին Վրաստանի իշխանություններին է ուղարկել բյուջեի միջոցներով գնված կոստյումները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայիս իշխանություններին է վերադարձրել իր կոստյումները և վերարկուն, որոնք գնել էր բյուջեի միջոցներով, հայտնում է Interfax.ru-ն:
Այս մասին հայտնի է դարձել Սաակաշվիլիի գրադարանի մամուլի ծառայության հայտարարությունից: Ուղարկված հագուստի թվում է 8 կոստյում և քաշմիրե վերարկուն:
Հագուստին կցված է գրություն՝ ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին. «Կարող եք օգտագործել այս հագուստը ձեր հայեցողությամբ»:
Հայտնի է, որ Վրաստանի կառավարությունում հրաժարվել են ընդունել ստացված հագուստը, և դա այժմ ընդունարանում է: Դա բացատրվել է նրանով, որ կառավարությունում կարող են միայն պաշտոնական փաթեթներ ընդունել:
Վերջին շրջանում Վրաստանում մի շարք մեղադրանքներ են ներկայացվել Սաակաշվիլիին, որոնց թվում է նաև պետական միջոցների վատնումը:










