Հնդկաստանում հարսները թողել են իրենց ամուսիններին և տուն վերադարձել՝ զուգարան չունենալու պատճառով
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Խեսիյա գյուղից 6 նորապսակ կանայք հայրական տուն են վերադարձել՝ հայտարարելով, որ ամուսինների տուն կվերադառնան միայն այն ժամանակ, երբ նրանք տանը պատշաճ զուգարաններ տեղադրեն, հայտնում է BBC Asia-ն:
Մոտ 1,2 միլիարդ մարդ իրենց տանը զուգարան չունի: Հիմնականում այդ բնակչությունը շրջաններից է, և այս իրավիճակից ամենաշատը տուժում են կանայք:
Ամուսինների տունը լքած կանայք բոլորն էլ ամուսնացել էին անցած 18 ամիսների ընթացքում:
Գյուղերում պահպանում են փուրդահ ավանդույթը, այն է՝ կանայք ամեն անգամ տնից դուրս գալիս պետք է գլխաշորով ծածկվեն: Սա է՛լ ավելի է բարդացնում հատկապես անձրևոտ կամ ցուրտ եղանակին տնից դուրս գալն ու բնական կարիքները հոգալու համար դաշտ գնալը:
Բացի այդ, կանայք ստիպված են սպասել մինչ ուշ երեկո, որպեսզի բաց տարածության մեջ նկատելի չլինեն, քանի որ դա առաջ է քաշում մեկ այլ վտանգ՝ հանցագործների կողմից հարձակումների ենթարկվելու վտանգը:










