Սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու «պահի յուրահատկությունը». կարծիքներ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը Tert.am-ի հետ զրույցում գոհունակություն հայտնեց Ազգային ժողովի 6 խմբակցությանը, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին ու Կառավարությանը՝ սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու գրեթե միաժամանակյա նախաձեռնության ու պատրաստակամության համար։ «Նորմալ է, վարչապետն այցելել էր մեզ, Ազգային ժողովի պատգամավորների հետ ևս քննարկել ենք խնդիրները, և ներկայացված կետերի հարցում ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ խնդիրները միշտ էլ կային, և նախագիծ մշակելու համար պետք չէր սպասել սահմանի լարվածությանը, բայց ընդգծեց, որ իրենք ուշադրության պակաս չեն զգացել։ «Կային այդ խնդիրները, մենք միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք եղել, բայց այսօր առավել ևս կարևոր է, որպեսզի կարողանանք մեր գյուղերն ամրապնդել ու զարգացնել։ Գյուղում ապրողը պիտի հող մշակի, պիտի անասուն պահի, որպեսզի կարողանա ապրել: Իսկ դրա համար պետությունը սերմացու, դիզվառելիք և այլ միջոցներ տրամադրում է: Վերջին ժամանակներս Կառավարությունը բավականին ուշադրություն է դարձնում մեզ»,- ասաց նա` հավելելով. «Մենք քչով բավարարվող ժողովուրդ ենք, որ 25 տարի հարմարվում ենք, ուրեմն փառք այդ մարդկանց, որ ապրում են այս գյուղերում: Եթե կրակոցները չլինեն, մարդիկ նորմալ կզբաղվեն իրենց գործերով, ովքեր ցանկանում են, կաշխատեն ու կապրեն»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի և խորհրդարանական վեց ուժի այցելությանը Տավուշի մարզ, ապա նախաձեռնությանը՝ դիմել Կառավարությանը` սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տրամադրելու առաջարկով, նկատեց, թե այդ մտադրությունը նորություն չէր, ուղղակի պահի յուրահատկությունն այն է, որ նաև քաղաքական մեծամասնությունն է համաձայնում, որ այդ համայնքներին արտոնություններ տրվեն։
«Սրան նաև նպաստեց այն, որ իսկապես սահմաններին այսօր բավականին լարված իրավիճակ է: Մենք 6 քաղաքական ուժի ներկայացուցիչներով ոչ միայն եղանք դիրքերում, այլ նաև` հանդիպում ունեցանք համայնքի բնակչության հետ. նրանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը նորություն չէր մեզ համար: Սահմանամերձ համայնքները պետք է իսկապես օգտվեն որոշ արտոնություններից, իսկ դա մինչև հիմա բարձիթողի է: Ես կասեի` սահմանապահ համայնքները, որովհետև սահմանն իսկապես իրենք են պահում. կապ չունի, որ զինվոր չեն, նրանց գործողությունները, կենսակերպը զինվորի է»,- ասաց նա և օրինակ բերեց Բարեկամավան համայնքը, որտեղ նույնիսկ խմելու ջրի խնդիրը մինչև հիմա լուծված չէ, ինչն էլ նպաստում է, որ համայնքը փոքրանա:
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք կարծում եմ` ուղղակիորեն պետք է լուծվեն պետության կողմից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Իսկ թե որքան կկազմի պետության կողմից տրամադրվելիք աջակցությունը, պատգամավորն ասաց.«Մեր հաշվարկներով` եթե ամբողջ խնդիրները՝ դասագրքերի, կոմունալ ծախսերի, ոռոգման ջրի, պետությունը վերցնի իր վրա, դա կկազմի ստվերային տնտեսության ընդամենը մեկ տոկոսը, այսինքն՝ մոտավորապես երկու միլիոն դոլարով բոլոր հարցերը հնարավոր է լուծել»։
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամներով, ձևավորվել է ոչ թե ի հակակշիռ ինչ-որ մեկի, այլ` տվյալ բնակավայրերի բնակչության հետ քննարկումների արդյունքում և պայմանավորված չէ որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հայտարարությամբ։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել մի շարք արտոնություններ։
«Մենք դրա մասին սկսել ենք խոսել 2-3 ամիս առաջ, երբ առաջին անգամ հուժկու ռմբակոծությունների ժամանակ այցելել էինք սահմանամերձ համայնքներ։ Այս օրենքը երեկ կամ դրա առաջին օրը չծնվեց, մենք այդ մասին խոսում էինք մի քանի շաբաթ շարունակ»,- նշեց նա և հավելեց, որ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ սահմանապահ գյուղ, և իրենք նախագծով առաջարկում են սահմանապահ գյուղի կարգավիճակ տալ այն գյուղերին, որոնք գտնվում են ադրբեջանական սահմանից 3 կմ հեռավորության վրա։
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամը տեղյակ է, որ այդպիսի օրենք վաղուց գործում է Ադրբեջանում, և նրանց սահմանապահ գյուղերը ազատված են հարկերից, ունեն բավական մեծ արտոնություններ, և դա նպաստում է տեղի բնակչության աճին։
Արայիկ Հարությունյանը չի կարծում, որ օրենքը բավական ուշացել է և չի էլ որակում, թե օրենքն այդ համայնքները ծաղկուն գյուղեր կդարձնի, բայց համոզված է՝ առնվազն կնպաստի, որ այդտեղի բնակչությունը չպակասի և նույնիսկ ավելանա։ «Գյուղի բնակչության հետ մեր զրույցների ժամանակ նրանք նշում էին, որ եթե նման արտոնություններ լինեն, գյուղացիներն այլևս չեն գնա Ռուսաստան կամ Ղազախստան` ծանր աշխատանքի։ Ասացին, որ իրենց համար ամենամեծ խնդիրն այն չէ, որ կրակում են իրենց վրա, այլ այն, որ իրենք նման վտանգավոր գոտում գտնվելով՝ չունեն արտոնություններ, հնարավորություն` արտոնյալ պայմաններում աշխատելու»,- նշեց նա և հավելեց, թե ներկայում կան հարկերից ազատվելու որոշ արտոնություններ, բայց շեշտեց, թե այն, ինչ իրենք են առաջարկում՝ շեշտակի փոփոխություններ կբերի սահմանին կանգնած գյուղացիների համար։










