Ռոսիա-2-ը ֆիլմ է նկարահանում Խորեն Հովհաննիսյանի մասին

11:10 • 20.08.14

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթն իր այսօրվա համարում տեղեկացնում է, որ ռուսական «Ռոսիա-2» հեռուստաալիքը 53 րոպե տեւողությամբ ֆիլմ է նկարահանում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի մասին:


«Ցավալի է, որ Հայաստանում բարձր մակարդակով ըստ արժանվույն չգնահատվեց նրա տաղանդը: Այդ բացը լրացնելու համար Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առիթով ռուսաստանցի մեր հայրենակից, գործարար Արթուր Սողոյանը ֆիլմ է պատվիրել, որը կանմահացնի Խորեն Հովհաննիսյանին: Ֆիլմը նկարահանում է «Ռոսիա-2» հեռուստաընկերության հատուկ խումբը, որը բաղկացած է 6 հոգուց:


Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին, իսկ հաջորդ տարվա մարտին կկայանա ֆիլմի լայնամաշտաբ ցուցադրումը «Ռոսիա-2» հեռուստաալիքով եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Մարտ ամսին կկազմակերպվի նաեւ ֆուտբոլային հանդիպում աշխարհի ֆուտբոլային աստղերի եւ ԽՍՀՄ հավաքականի միջեւ, որում խաղացել է Խորեն Հովհաննիսյանը:


Արդեն բանակցություններ են ընթացել Դիեգո Մարադոնայի հետ, եւ նա իր նախնական համաձայնությունն է տվել ժամանելու Հայաստան: Սպասվում է, որ 33 տարի անց իրար հետ խաղադաշտում նորից կհանդիպեն ֆուտբոլային 2 գերաստղերը՝ Մարադոնան եւ Խորեն Հովհաննիսյանը, բայց այս անգամ Երեւանում:


ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հունվարի 10-ին՝ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել մեծարման երեկո, որի ընթացքում կկայանա նաեւ Խորեն Հովհաննիսյանին նվիրված ֆիլմի պրեմիերան»: