ՌԴ-ն մտադիր է ուղղումներ մտցնել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման մասին համաձայնագրի տեքստում

12:29 • 27.08.14

Ռուսաստանը հույս ունի սեպտեմբերի 12-ին նախարարական հանդիպմանը կոնկրետ առաջարկներ ներկայացնել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի հնարավոր ուղղումների վերաբերյալ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին:

 

«Խոսքը կոնկրետ ուղղումների մասին է, որոնք մենք պետք է մտցնենք հավելվածի տեքստում, և ես չեմ բացառում՝ նաև բազային համաձայնագրի տեքստում»,- ասել է նա:

 

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը չի բացառում, որ մասնագիտական խորհրդակցությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման մասին բազային համաձայնագրի և դրա հավելվածի տեքստի ուղղումների:

 

«Մենք սեղմ ժամկետներում կփորձենք նայել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման մասին համաձայնագրի այն կետերը, որոնք անհանգստություն են առաջացնում և Ռուսաստանի համար վտանգներ պարունակում, և կփորձենք այդ կետերի վերաբերյալ լուծումներ գտնել: Ընդհուպ մինչև համաձայնագրի և դրա հավելվածների տեքստերում փոփոխությունների կատարում»,- հայտնել է նա լրագրողներին: