Արցախը դրական ակնկալիքներ ունի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի՝ Արցախի անկախության աջակցման բանաձևի քվեարկությունից
ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը դրական ակնկալիքներ ունի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատի քվեարկությունից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը:
«Մենք նման զարգացման սպասել ենք, աշխատել ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ սփյուռքի հետ միասին: Կարծում ենք, որ պետք է արդյունքը դրական լինի: Չնայած նրան, որ սպասում ենք դրական արդյունքի, այդուամենայնիվ, եթե նույնիսկ չստացվի էլ, շարունակելու ենք մեր աշխատանքները»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ այս գործընթացը ցույց է տալիս, որ Արցախի ճանաչումը բավական դինամիկ կերպով է գնում:
«Ճիշտ է, այսօրվա դրությամբ դեռևս սահմանափակվում ենք տեղական, նահանգային մակարդակներով, բայց կարճ ժամանակ հետո դուրս ենք գալու դեպի պետությունների մակարդակ: Դա ցույց է տալիս, որ աշխարհն աստիճանաբար Արցախը ճանաչում է որպես կայացած և նորմալ, ժողովրդավարական պետություն: Եվ այն, որ այդ գործընթացն ընթանում է, նշանակում է, որ մեզ մոտ իրոք գործընթացները զարգանում են այն չափանիշներով, որոնք ընդունելի են քաղաքակիրթ պետությունների համար»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:










