Արցախում ծնունդների թիվն ավելացել է, հաշվառման կանգնող հղիների թիվը՝ նույնպես. ԼՂՀ ԱՆ աշխատակից
2013 թվականի ութ ամիսների ընթացքում Արցախում գրանցվել է 1383 ծնունդ, իսկ 2014 թվականի մինչև օգոստոսի 26-ի տվյալներով՝ 1411 ծնունդ: Այս մասին Tert.am-ին հաղորդեց ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը՝ նշելով, որ 2014 թվականի հուլիսի 1-ից Արցախում մեկնարկած ծննդօգնության պետական հավաստագիրը տվել է իր շոշափելի արդյունքները:
«Եռամսյակի համար հուլիսի 1-ից բուժհաստատություններին արդեն բաժանել ենք 1100 հավաստագիր, երկու ամիսը դեռ նոր լրացած արդեն նոր հավաստագրերի պահանջարկներ ենք ստացել, քանի որ հաշվառման կանգնող հղիների քանակը շատացել է»,-փոխանցեց Կարինե Ալեքսանյանը՝ ներկայացրեց մեկ այլ տվյալ ևս. «2013 թվականի ութ ամիսների ընթացքում մինչև 12 շաբաթական հաշվառման կանգնող հղիների թիվը եղել է 882, իսկ 2014 թվականի նույն ամիսների ընթացքում եղել է 983»:
Ըստ ԼՂՀ ԱՆ աշխատակցի՝ միայն հավաստագիրը մեկնարկելուց հետո մինչև 12 շաբաթական հաշվառման կանգնող հղիների թիվն ավելացել և կազմել է 218:
Նշենք նաև, որ Կարինե Ալեքսանյանի հաղորդմամբ՝ ծննդօգնության հավաստագրի մեկնարկումից հետո Արցախում ծննդօգնության ստվերային գումարների մասին այլևս չեն խոսում:










