Սևանից նման քանակի ջուր հինգ տարի շարունակ բաց թողնելու պարագայում լճի մակարդակը կիջնի կես մետրով. մասնագետ

13:12 • 27.08.14

Ըստ «Հասարակական էկոլոգիական դաշինքի» փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի, եթե Սևանա լճից հինգ տարի անընդմեջ 240 մլն խմ ջուր բաց թողնվի, ապա 5 տարի հետո լճի մակարդակը կիջնի առնվազն կես մետրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց, որ այս տարի արդեն Սևանի մակարդակը իջել է 10 սմ-ով:


«Մեզ ասում են, թե ոռոգման ջրի դեֆիցիտի հարց կա։ Ասում են, որ ուզում են գյուղացին ջուր ստանա, բայց մենք միամիտ չենք, ու գիտենք, որ գյուղացուն տրվող ոռոգման ջրի չափը չի ավելացել, նույնիսկ ավելի է պակասել: Ցավն այն է, որ մենք այսօր որևէ լծակ չունենք, որպեսզի պարզենք, թե իրականում որտեղ է հոսում Սևանից բաց թողնվող ջուրը»,- ասաց նա:


Հարցին, թե ինչու է Կառավարությունը շահագրգռված, որ Սևանից բաց թողնվող ջրի չափը ավելացվի, եթե չի տրվում գյուղացուն պատասխանեց, որ պատճառները տարբեր են:


«Նախ մերձափնյա հատվածներում բոլորս գիտենք, թե ինչ շինություններ կան ու ում են պատկանում: Դրանք մեծ եկամուտներ են բերում և ջրի մակարդակը իջեցնում են, որ դրանք չհայտնվեն ջրում: Երկրորդ՝ Սևանի մակարդակը բարձրացնելիս ճանապարհները կծածկվեն, խողովակները կմնան ջրի տակ, ծառերը պետք է մաքրել, չեն ուզում այս հարցերով զբաղվեն: Մենք նաև համոզված ենք, որ այդ ջրերը օգտագործում են ՀԷԿ-երը, և դա չի հարկվում»,-ասաց նա:


«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն էլ անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանին և նշեց, որ այստեղ գյուղացին կանգնում է ոռոգման ջրի խնդրի առաջ նաև այն պատճառով, որ վնասված է ոռոգման ցանցը և վերականգման դեպքում իրականում հարկավոր չի լինի Սևանից ջուր վերցնել:


«Այն ծրագրերը, միջոցառումները, որ իրականացվում են ներկայումս՝ ուղղված ստորերկրյա ջրերի վերականգմանը, մենք երբևէ, նույնիսկ 50 տարի անց չենք ունենա ակնկալվող արդյունքը: Դրանք հիմնավորված չեն, ճշգրիտ չեն: Կարելի է նույնիսկ ասել, որ այսօր դրանք անգամ սպառնում են մեր ազգային շահերին ու անվտանգությանը»,- ասաց նա:


Որպես օրինակ վերջինս նշեց, որ այսօր կան 80 ձկնարտադրական տնտեսություններ, որոնք փոքր են ու դրանք փակելով Կառավարությունը իրականում ոչ մի օգուտ չի տա ջրային ավազանին, ընդհակառակը՝ բազմաթիվ մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը:


«Այսօր գործում են մի քանի այնպիսի մեծ ձկնարտադրական տնտեսություններ, որոնց մասին անգամ չի խոսվում, թե ինչքան ջուր են օգտագործում»,- ասաց նա: