Կիևը չի պատրաստվում փոխել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը. Ուկրաինայի ԱԳՆ

15:34 • 27.08.14

Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում փոխել Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:

 

«Պետք չէ մեր ռուս գործընկերների ցանկությունները որպես իրականություն ընդունել: Համաձայնագրի տեքստը մենք չենք փոխելու: Կվավերացնենք և կիրականացնենք»,- գրել է Կլիմկինը Twitter-ի իր էջում:

 

Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, որը ներառում է նաև ազատ առևտրի գոտու ստեղծում, ստորագրել է հունիսի 27-ին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հույս ունի սեպտեմբերի 12-ին նախարարական հանդիպմանը կոնկրետ առաջարկներ ներկայացնել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի հնարավոր ուղղումների վերաբերյալ:

 

Ռուսական կողմը նախօրեին Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում նշել էր, որ Ասոցացման մասին համաձայնագրի իրականացումը ՌԴ տնտեսության համար զգալի ռիսկեր է պարունակում, վնասը կարող է կազմել 100 միլիարդից ավելի ռուբլի: Ռուսաստանի նագախահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանն այդ իրավիճակում չի կարող չգործել: