Կանադայում խոշոր ընկերության տնօրենին տուգանել են 100.000 դոլարով շանը ծեծելու համար (տեսանյութ)

09:28 • 28.08.14

ԱՄՆ-ի և Կանադայի մարզադաշտերը սպասարկող Centerplate բազմամիլիարդանոց ընկերության գլխավոր տնօրեն Դեսմոնդ Հեյգը պատժվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, գրում է korrespondent.net-ը:

 

Անցած շաբաթ հրապարակվել է Վանկուվերի շենքերից մեկի վերելակում տեղադրված տեսախցիկներից ստացված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է խոշոր ընկերության գլխավոր տնօրենը ծեծում դոբերմանի ձագին: Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը հարվածում շանը, ինչպես նաև քաշում թոկից:

 

Centerplate-ի գլխավոր տնօրենը զղջացել է իր արարքի համար և ներողություն խնդրել իր ընտանիքից, գործընկերներից և ընկերության հաճախորդներից: Նա պատմել է, որ պահում էր իր ընկերոջ շանը, սակայն շան վարքն իբր նրան ստիպել է «կորցնել վերահսկողությունը»:

 

Centerplate-ի տնօրենների խորհուրդը դատապարտել է Հեյգի գործողությունները՝ նրա վարքն անվանելով «անընդունելի»:


Այժմ Հեյգը պետք է 100 հազար դոլար նվիրաբերի Վանկուվերում կենդանիների օգնության և պաշտպանության հիմնադրամի ստեղծման համար, ինչպես նաև 1000 ժամ աշխատի բարեգործական կազմակերպությունում: Բացի այդ, նա կանցնի զայրույթը կառավարելու դասընթացներ: