ԱՄՆ-ն դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ հայտնի իրավապաշտպանի ծեծի ենթարկման առնչությամբ

11:52 • 28.08.14

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում իրավապաշտպան և լրագրող Իլգար Նասիբովի ծեծի առնչությամբ, հայտնում է Turan-ը:

 

«Մենք դատապարտում ենք օգոստոսի 21-ին Նախիջևան քաղաքում հայտնի քաղաքացիական ակտիվիստ Իլգար Նասիբովի՝ Ժողովրդավարության աջակցության ոչ կառավարական կենտրոնի աշխատակցի ծեծի ենթարկվելու փաստը, ով հոսպիտալացվել է ծանր վիճակում: Ինչպես մենք հասկանում ենք, տվյալ իրավիճակում ոստիկանությունն ու դատախազությունն անհապաղ հետաքննություն են սկսել: Մենք կոչ ենք անում անցկացնել արագ, ամբողջական և թափանցիկ հետաքննություն և հարձակվողներին ենթարկել քրեական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ քայլեր ձեռնարկել հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ:

 

Իր հերթին Նախիջևանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Իլգար Նասիբովի գրասենյակի վրա հարձակման մասին տեղեկությունը՝ նշելով, որ նա ծեծի է ենթարկվել իր իսկ ընկերոջ՝ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցության Նախիջևանի գրասենյակի նախկին ղեկավար Ֆարիդ Ասկերովի կողմից:

 

Հիշեցնենք, որ Ւլգար Նասիբովը հարձակման էր ենթարկվել օգոստոսի 21-ին` ուշ երեկոյան: Նասիբովին գտել էին անգիտակից վիճակում: