Աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր. ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության վարչապետ

10:28 • 28.08.14

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ երկրում աշխարհազորայինների թվում կա մոտ 3-4 հազար ռուս կամավոր: Նրա հայտարարությունը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

 

«Այսօր շատ հարցեր են տալիս, թե ինչպես ստացվեց, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բանակը ցրված կիսապարտիզանական ջոկատներից վերածվեց հզոր ռազմական կազմակերպության, որն ունակ է ոչ միայն դիմադրել ուկրաինական զինված ուժերին, այլև հաղթել նրանց մարտի դաշտում: Կիևում և Արևմուտքում կրկնում են ռուսական ռազմական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն այն զանգվածային պարտությունները, որ ուկրաինական բանակը կրում է արդեն որերորդ ամիսը: Մենք երբեք չենք թաքցրել, որ կան շատ ռուսներ, առանց որոնց օգնության մենք շատ դժվարություններ կունենայինք, ավելի դժվար կլիներ պայքարել»,- ասել է Զախարչենկոն:

 

Նրա խոսքով՝ ռուս կամավորների թվում կան շատ նախկին զինծառայողներ: «Մեզ հետ կռվում են նաև գործող զինծառայողներ, ովքեր արձակուրդի փոխարեն եկել են մեզ մոտ ազատության համար պայքարելու: Դա հատուկ է միայն ռուսներին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ որոշ ռուս կամավորներ, ցավոք, զոհվում են:

 

Ավելի վաղ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում պատերազմում են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակները: