Կիմ Չեն Ընը պետական հեռուստատեսությանը կարգադրել է ցուցադրել Անգլիայի ֆուտբոլի առաջնության խաղերը. Daily Star

10:55 • 28.08.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պետական հեռուստատեսությանը հրահանգել է ցուցադրել Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, հայտնում է բրիտանական Daily Star-ը:

 

Խոսքն ապօրինի հեռարձակումների մասին է: Անգլիայի պրեմիեր - լիգայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում իրենց խաղերի հեռարձակման թույլտվություն ոչ ոքի չի տրվել: Նշվում է, որ այս խաղերի հեռարձակման իրավունքներն ակումբները վաճառում են մեկ միլիարդ ֆունտով:

 

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա Կիմ Չեն Ընը «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող 28-ամյա Ուեյն Ռունիի մեծ երկրպագուն է: Դրա շնորհիվ Հյուսիսային Կորեայի բնակիչները հնարավորություն են ստացել դիտել ոչ միայն «Մանչեսթր Յունայթեդի», այլև «Արսենալի» ու «Չելսիի» խաղերը:

 

Աղբյուրն այս առիթով հիշել է նաև «թմբլիկ բռնապետի» և ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի մտերմությունը: