Հաջողվել է «հակաքաղցկեղային նանոռոբոտի» վերածվող նանոմասնիկ ստեղծել
Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցներին հաջողվել է նանոպորֆիրն անվամբ նանոմասնիկ ստանալ, որը կարող է օգնել քաղցկեղի ախտորոշման և բուժման հարցում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով SBS-ին:
Դա մոլեկուլների մի փունջ է, որում հիդրոֆիլային «գլխիկները» դեպի դուրս են նայում, իսկ հիդրոֆոբ «պոչիկները»՝ դեպի ներս: Յուրաքանչյուր մոլեկուլում պորֆիրինի օրգանական միացություններ կան: Նորաստեղծ մասնիկները հեշտությամբ մուտք են գործում քաղցկեղածին բջիջներ և կուտակվում այնտեղ:
Հենց դրա շնորհիվ է, որ նրանք կարող են բարձրացնել ուռուցքի սկանավորման հակադրությունը:
Գոյություն ունի նանոմասնիկի օգտագործման մեկ այլ տարբերակ ևս՝ մասնիկները բեռնել հակաքաղցկեղային դեղամիջոցներով կամ դրանք տաքացնել այնպես, որ հնարավոր լինի ուռուցքը ներսից այրել: Արդյունքում քաղցկեղի դեմ գործող ունիվերսալ նանոռոբոտներ են ստացվում:










