Անուշադրության կարող են մատնվել այն ազատամարտիկները, ովքեր պատերազմի դաշտում եղել են 1-2 օր. գեներալ Հայկազ Բաղմանյան

13:49 • 28.08.14

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին, Հայաստանի ԶՈՒ ներուժին, ինչպես նաև խոսեց Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ այսօրվա վերաբերմունքի մասին. «Անուշադրության կարող են մատնված լինել այն մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում եղել են մեկ կամ երկու օր, հետո վերադարձել են Երևան ու մինչև այսօր կուրծք են ծեծում, թե այս են արել, այն են արել»:


-Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գծում ներկա պահին:


-Ներկա պահին ամեն ինչ հանդարտ է մեր սահմաններում, արտառոց որևէ բան չկա, կրակոցների թիվը քչացել է:


-Այսօր պատերազմի վերսկսման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:


-Պատերազմի վերսկսման հավանականությունն ամեն օր էլ կա, ոչ ոք չի ասում, որ պատերազմ չի կարող լինել, ի վերջո, Ադրբեջանը պատրաստվում է դրան, մեր խնդիրն այն է, որ պետք է այնքան ուժեղ լինենք, որ նրանք հեռանան: Մեր զորքերը միշտ պետք է պատրաստ լինեն հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգության: Իսկ պատերազմի հավանականությունը ոչ երեկ, և ոչ էլ այսօր չի պակասել: Մինչդեռ մենք ավելի մարտունակ ենք և ուժեղ: Բոլորովին վերջերս Ադրբեջանի բանակը փորձ արեց և համոզվեց, որ անհնարին է ներխուժել մեր սահմանները. հակառակորդի բոլոր դիվերսիոն հետախուզական խմբերը հետ շպրտվեցին, և հիմա ամեն ինչ հանգիստ է:


-Ի՞նչ կարծիք ունեք հայկական կողմի պատերազմական ներուժի մասին, արդյո՞ք բավարար է:


-Իհարկե, բավարար է: Հակառակորդի ներուժի հետ համեմատական անցկացնելով գիտենք նրանց զինտեխնիկան, զորքի քանակը. ըստ այդ համեմատականի մեր ներուժը բավարար է այսօր դիմակայելու հակառակորդին: Զինատեսակների հարցում էլ նրանք մեզնից առաջ չեն. այն, ինչ մենք ունենք` իրենք էլ ունեն, և այն, ինչ իրենք ունեն, ունենք նաև մենք: Կարելի է ասել ինչ-որ տեղ նաև առավելություն ունենք: Ընդհանուր առմամբ, նրանք մեզնից տեխնիկապես հզոր չեն: Բացի այդ, իրենց ունեցած տեխնիկան իրենք դեռ պիտի կարողանան օգտագործել, պահել մարտունակ վիճակում:


Իսկ մեր բանակի մարտունակության մասին է խոսում նաև օրերս Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած «տանկային բիաթլոն» մրցույթի արդյունքներով մեր տանկային թիմի հաջողությունը. մեր տանկիստները գրավեցին երկրորդ պատվավոր տեղը` 12 երկրների պրոֆեսիոնալ թիմերի շարքում. Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Բելառուս և այլն:


-Ըստ Ձեզ՝ Արցախն ազատագրած հայորդիներն այսօր երկրում ունե՞ն իրենց արժանի տեղը:


-Կարծում եմ` այո, համենայնդեպս ազատամարտն անցած մարդիկ ժողովրդի շրջանում հարգանքի են արժանանում: Իսկ ինչ վերաբերում է պետության կողմից դրսևորվող ուշադրությանը, ապա նշեմ, որ մեր բոլոր զոհված ընկերների ընտանիքները հիմնականում ապահովված են բնակարաններով, հաշմանդամները ներգրավված են բնակարանային բարելավման ծրագրերում: Միգուցե օգնությունը այն չափով չի հատկացվում, որքան իրենք կուզեին, բայց ասել, որ նրանք պետության կողմից անտեսված են, սխալ է: Անուշադրության կարող են մատնված լինել այն մարդիկ, ովքեր պատերազմի դաշտում եղել են մեկ կամ երկու օր, հետո վերադարձել են Երևան ու մինչ օրս կուրծք են ծեծում, թե իրենք այս են արել, այն են արել: Այդ մարդկանց մի անգամ հարց տվեք, թե ո՞ր ջոկատի կազմում, որտե՞ղ և ի՞նչ մարտական գործողությունների են մասնակցել և քանի՞ օր: Չեմ ասում, որ բոլորն այդպես են, բայց հիմնականում այդպես է: Լավ եք արել, որ մասնակցել եք, բայց արդյո՞ք սկզբից մինչև վերջ մասնակցել եք այդ ազատամարտին կամ ձեր ջոկատով մի հաղթանակի հասե՞լ եք, որևէ բնակավայր ազատագրե՞լ եք: Այդ հարցերը պետք է տալ իրենց: Գոնե ես, լինելով Մարտակերտի շրջանում, Հայաստանից ժամանած բոլոր ջոկատների հրամանատարներին շատ լավ գիտեմ: Ջոկատի անդամներին, մարտիկներին կարող է չհիշեմ, բայց շատ լավ գիտեմ, թե որ ջոկատն ինչ մարատական գործողության է մասնակցել:


-Իսկ իշխանությունների կողմից Ձեզ տրված գնահատականն արժանի՞ եք համարում հայրենիքի համար Ձեր ունեցած ներդրման դիմաց:


-Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հանրապետության ղեկավարությունը, ինչ խոսք, գնահատական է տալիս: Իհարկե, գոհացնում է այդ գնահատականը: Հանրապետության նախագահը որոշել է, որ ես այսօր այս պաշտոնին պետք է լինեմ և ես այս պաշտոնին եմ. ես միանգամից չեմ նշանակվել եմ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Ասել է թե՝ ըստ արժանվույն բոլորը գնահատվում են. եթե ես արժանի չլինեի, այս պաշտոնին չէի նշանակվի: Ինչքան որ երկրի համար արել եմ, այդքանով էլ գնահատվել եմ: Դա գերագույն գլխավոր հրամանատարի գնահատականն է:


-Ազատամարտիկները մշտապես սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, Դուք այդ բողոքը համարո՞ւմ եք արդարացի:


-Ոչ միայն ազատամարտիկները: Սոցիալական խնդիր Հայաստանում կա, բայց ով ուզում է աշխատել, նա գտնում է աշխատանք: Այդ թվում և մեր ազատամարտիկները. ԶՈՒ-ում այսօր պահանջվում են պայմանագրային ծառայողներ, բայց մեր ազատամարտիկները չեն գալիս ծառայելու՝ ասելով, որ 150 000 դրամով հո չեն ծառայի: Ես էլ ասում եմ, որ եթե այդ 150 000 դրամը այսօր չունես, արի, ծառայի և ստացի. Հետագայում ավելի լավ կծառայես` ավելի շատ կստանաս: Չեմ կարծում, որ խնդիր կա, ուղղակի մարդկանց պահանջներն են շատ: Ազատամարտիկը 1992-93 թվականներին դուրս է եկել ծառայությունից ու մինչև օրս բարձրաձայնում է, որ աշխատանք չունի, իսկ մենք մնացել ենք և մինչ օրս ծառայում ենք: Դա է տարբերությունը:


-Երիտասարդները մտահոգություն են հայտնում, որ բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների տղաները կխուսափեն պատերազմից: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի շուրջ:


-Մեր բանակն այնքան բաց է այսօր հասարակության առջև, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի տեսնելու, թե որ բարձրաստիճան պաշտոնյայի տղան է ծառայում բանակում, որինը՝ ոչ: Արդարության սկզբունքը Զինված ուժերում գերագույն գլխավոր հրամանատարի կողմից այն հիմքերի վրա է դրված, որ հիմա նման խնդիր չկա. զորակոչում են բոլորին: Իսկ վերջին շրջանում դուք ականատես եղաք, թե ինչպես էր մեր երիտասարդությունը պատրաստակամություն հայտնում հայրենիքի համար պայքարելու: Մի շարք պաշտոնյաների տղաներ հենց իրենք էին հավաքագրում մարդկանց և ասում, որ պատրաստ են: Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր երկիրը հայրենիք է: