Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգը բաղկացած է Հայկական հարցից. Դավութօղլու

12:19 • 28.08.14

Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր կետերն են Կիպրոսի խնդիրը և Հայկական հարցը: Այս մասին ասել է Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության նորընտիր ղեկավար, ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարական էր տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Դավութօղլուն միակ թեկնածուն է եղել այդ պաշտոնում, ում իր ձայնն է տվել 1.382 պատվիրակ:

 

Hurriyet-ը նշում է, որ Անկարայում կայացած արտակարգ նիստի ժամանակ Դավութօղլուի ելույթը հագեցած է եղել պատմական և կրոնական սիմվոլիզմով: Նա հիշատակել է իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեին, սուլթան Մեհմեթ Նվաճողին և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքին:

 

Milliyet-ը նույն առիթով Դավութօղլուի ելույթից մեջբերել է արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր կետերը: Ըստ նրա՝ դրանք են Կիպրոսի խնդիրը և Հայկական հարցը: Նա նկատել է, որ այդ քաղաքականության հիմնական դրույթները երբեք չեն փոխվի:

 

Դավութօղլուն շեշտել է նաև, որ «Թուրքիայի համար մարտավարական նպատակ է մնում ԵՄ-ին անդամակցությունը»:

 

Թուրքիայի համար կարևոր քաղաքական խնդիրներից նա անդրադարձել է նաև քրդերին և Գեզի զբոսայգու պայքարին: Դավութօղլուն ասել է, որ կշարունակվեն քրդերի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացները: Իսկ Գեզի զբոսայգու զարգացումները նա դատապարտել է՝ ասելով, թե դրանք նպատակ ունեին «տապալել կառավարությունը»:

 

Էրդողանը, իր հերթին, արտասվալից աչքերով ասել է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ իր սերը, իր կիրքը, իր պայքարը, թողնում է նախ Աստծուն, ապա Դավութօղլուին: Միաժամանակ նա նշել է, թե կուսակցությունը ոչ թե մեկ մարդու կուսակցություն է, այլ սկզբունքների: