Զինվորներին բռնի ուժով ուղարկում են Ուկրաինա. Ռուսաստանի զինվորների մայրեր

13:59 • 28.08.14

Որոշ ռուս զինվորների բռնի կերպով ուղարկում են Ուկրաինա՝ կռվելու: Այդ մասին ասել է Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեների միության ղեկավար Վալենտինա Մելնիկովան «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Որպես օրինակ՝ Մելնիկովան պատմել է մի զինվորի մասին, ով ծառայում է Ռոստովի շրջանի Գուկովոյի պոլիգոնում: Նա իր մորը հաղորդագրություն է ուղարկել, որում պատմել է, որ հրամանատարը հավաքել է զինվորներին և հրամայել պայմանագիր ստորագրել:

 

«Մենք ձեզ կուղարկենք Լուգանսկ: Չստորագրեք, ես ինքս ձեր տեղը կստորագրեմ»,- հրամանատարի խոսքերն է մեջբերել Մելնիկովան:

 

Նրա գնահատմամբ՝ այժմ Ուկրաինայում է գտնվում մոտ 15 հազար ռուս զինվոր: Նա դժվարացել է ասել, թե նրանցից քանիսը չունի զինծառայողի փաստաթուղթ, այլ ունի դադարեցված պայմանագրեր կամ որպես սպա գտնվում է անժամկետ արձակուրդում: Մելնիկովան նաև նշել է, որ հայտնի չէ՝ ընդհանրապես քանի ռուս զինվոր է մահացել Ուկրաինայի տարածքում: