Է. Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը պայմանավորված է Սերժ Սարգսյանի ընտրությամբ. Շ. Քոչարյան
Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ այդ արարողությանը մենք կմասնակցենք արտգործնախարարի մակարդակով»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե որքանով է նպատակահարմար ՀՀ-ի մասնակցությունը այդ արարողությանը, և ինչ կտա այն մեր երկրին, փոխնախարարը պատասխանեց. «Հարևան երկրի Նախագահի ինաուգուրացիան, ինչպես նաև այլ առիթներով մասնակցել ենք, դա ավանդական է և միշտ տեղի է ունենում փոխանակում, ինչ վերաբերում է Թուրքիայի ինաուգուրացիային նախկինում երբևէ չի եղել, որովհետև մինչ այդ Նախագահը խորհրդարանի կողմից էր ընտրվում, ու սա առաջին նախադեպն է, երբ հարևան երկրում նման արարողություն կա»:
Դիտարկմանը` այդ դեպքում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային ով է մասնակցել Թուրքիայից, փոխնախարարը պատասխանեց. «Իրենք մասնակցել են դեսպանի մակարդակով, որը նստած է Թիֆլիսում»: Հարցին, թե ինչ լուրեր կան հայ-թուրքական սահմանը բացելուց, փոխնախարարը ժպտալով պատասխանեց. «Չկան»:










