Յացենյուկը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

12:58 • 28.08.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խնդրում է արևմտյան գործընկերներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի Դաշնության գործողությունների առնչությամբ: Այդ մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով Ուկրաինայի կառավարության և Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման ընթացքում, գրում է korrespondent.net-ը:

 

«Անհրաժեշտ եմ համարում, որ մեր արևմտյան գործընկերները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեն: Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է Ուկրաինայում ռազմական ներկայությունը»,- հայտարարել է Յացենյուկը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ տեղի է ունեցել Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժում, որը շարունակվում է մի քանի ուղղություններով: