Հայաստանում ամենալավ աշխատող պետական համակարգը գիտականն է. Արթուր Իշխանյան

22:05 • 29.08.14

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը, Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ի հեճուկս այն փաստի, որ Հայաստանում գիտնականները ստանում են մոտավորապես 50-60 հազար դրամ աշխատավարձ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամյա տարեկան զեկույցների համաձայն՝ Հայաստանի գիտնականների տված գիտական արդյունքը փայլուն է: Եվ, առհասարակ, Հայաստանում ամենալավ աշխատող պետական համակարգը գիտականն է:

 

-Պարո՛ն Իշխանյան, այս տարվա երկրորդ կիսամյակը պետական աշխատողների բոլոր խավերը, բացի գիտնականներից, սկսում են բարձրացված աշխատավարձերով: Սա, գիտության նկատմամբ ի՞նչ վերաբերմունք է:


-Իմ տեսակետն առ այն, որ սա գիտության ոլորտի նկատմամբ պետության կողմից թշնամական վերաբերմունքի արտահայտություն է, բազմիցս արտահայտել եմ:


-Գիտությունների ազգային ակադեմիայում ի՞նչ որակի գիտնականներ են մնացել՝ այս վերաբերմունքի արդյունքում:


-Գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանում ամենալավ աշխատող պետական կառույցներից է, ցանկացած այլ գերատեսչության հետ համեմատած այն բազմապատիկ ավելի արդյունավետ գործող կառույց է: Պարզապես, «Գիտությունների ազգային ակադեմիա» եզրույթը ճիշտ չի ընկալվում։ Գիտությունների ազգային ակադեմիան բաղկացած է գիտահետազոտական ինստիտուտներից՝ թվով մոտ 30, այնտեղ աշխատում են մոտ 2500 գիտնականներ, և այդ գիտնականների տված արդյունքն այսօր զբաղեցնում է շատ բարձր տեղեր աշխարհում: Հայաստանում չկա որևէ այլ ոլորտ, որը նույնիսկ մի թեթև մոտենա այդ ցուցանիշներին։ Ըստ ամենայնի, ակադեմիայի մասին ձևավորված թյուր կարծիքն ու համապատասխան վերաբերմունքը ևս հանդիսանում են պետության կողմից տարվող քաղաքականության արդյունք: Ամփոփեմ, Գիտությունների ազգային ակադեմիան հրաշալի գործում է:


-Նման հայտարարություն անելով՝ ինչ տվյալների վրա եք հիմնվում:


-Միջազգային զեկույցների, ինչպես նաև գիտաչափական հիմնական ցուցանիշներ վրա: Մասնավորապես, գոյություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամյա զեկույցը աշխարհում գիտության զարգացման վերաբերյալ, որտեղ ասված է, որ Հայաստանի գիտնականների տված գիտական արդյունքը մեկ գիտնականի հաշվով` գիտական հոդվածները, զեկույցները՝ գիտաժողովներում, ամենաշատերի թվում է, իսկ տարածաշրջանում ընդհանրապես զբաղեցնում է առաջին տեղը. տարածաշրջան ասելով՝ նկատի ունեմ Մերձավոր արևելքն ու ԱՊՀ երկրները: «Սկոպուս» և «Թոմսոն Ռոյտերս» շտեմարանների միջոցով կարելի է այս ամենում համոզվել։


-Նման լավատեսական ցուցանիշները վերաբերում են հումանիտար, նաև՝ հայագիտական, ոլորտների՞ն, թե ..


-Սա վերաբերում է ճշգրիտ և տեխնիկական գիտություններին: Ցավն այն է, որ հասարակական գիտությունների ոլորտում մեր ցուցանիշները շատ-շատ ցածր են: Բայց տեխնիկական և ճշգրիտ գիտությունների ոլորտում՝ զարմանալի բարձր: Եվ այդ տվյալներն, ամեն տարի մանրամասնորեն ներկայացվում են Հանրապետության Նախագահին՝ մասնավորապես, ԳԱԱ տարեկան ժողովներին: Եզրակացությունը միարժեք է և անվիճելի` ԳԱԱ-ն Հայաստանում գործող լավագույն պետական հաստատություններից է։


-Իսկ պատճառն ի՞նչ է, որ հասարակագիտությունը չի փայլում։ Հարցնում եմ, որովհետև գիտեմ, որ հումանիտարներին դրամաշնորհներ չեն տրամադրվում, իսկ Ձեր նշած ոլորտներին՝ տրամադրվում են:


-Ճիշտ հակառակը, հայագիտության և հումանիտար ոլորտներում պետության ներդրումները շատ ավելի շատ են, քան…


-Նկատի ունեմ՝ օտարերկրյա, միջազգային կառույցների ներդրումները:


-Այո, ճիշտ է, հումանիտար ոլորտում միջազգային դրամաշնորհները քիչ են։ Հավանաբար, դա հետևանք է հասարակական գիտությունների թույլ զարգացվածության։ Ըստ ամենայնի՝ սա ունի նաև նախկինից եկող հիմքեր, քանի որ ԽՍՀՄ-ում այդ ոլորտը նկատելիորեն քաղաքականացված էր։ Համենայն դեպս, այս պատճառների քննարկումը ոչինչ չի փոխում մեր կողմից հիմա քննարկվող հարցի տեսակետից` գիտության նկատմամբ պետության վերաբերմունքի տեսակետից։


-Որքան աշխատավարձ են այսօր ստանում մեր գիտնականները՝ միջինում:


-50-60 հազար, միգուցե 70 000` ակադեմիական համակարգում գիտությունների թեկնածուի, դոկտորի, միջին աշխատավարձը մոտավորապես այդքան է: Ակադեմիկոսները ստանում են 140.000 հավելավճար, թղթակից անդամները՝ 100 հազար, բայց ես նորից եմ ուզում շեշտել, որ ակադեմիկոսների աշխատավարձերի շոշափումը որևէ առնչություն չունի գիտության խնդիրների քննարկման հետ, որովհետև այդտեղ ծախսվող գումարները զրոյական են: Պատկերացրեք՝ 120 ակադեմիկոս և թղթակից անդամ, որոնք ստանում են 100-140 հազար դրամ. դա կազմում է աննշան՝ զրոյական թիվ ընդհանրապես, նաև՝ նրանց տված արդյունքի համեմատ։ Օրինակ՝ հենց միայն «Ֆիզիկա և աստղաֆիզիկա» բաժանմունքի անդամների ցույց տված արդյունքի համեմատ դա առնվազն տասնապատիկ ցածր թիվ է: Սա անիմաստ է նույնիսկ քննարկել: Այսինքն՝ ակադեմիկոսների կամ թղթակից անդամների գոյությունը կամ չգոյությունը որևէ կերպ՝ նույնիսկ 1000 դրամով չի կարող ազդել գիտության աշխատողի աշխատավարձի վրա: Հետևաբար, կեղծ թեզն առ այն, թե իբր մեր պրոբլեմն այն է, որ ակադեմիկոսները 140 հազար դրամ հավելավճար են ստանում, անհրաժեշտ է վճռականորեն դեն նետել։ Դա բացարձակապես կեղծ թեզ է: Բոլոր ակադեմիկոսների ու թղթակից անդամների պատվովճարներն իրար հետ միասին տարեկան կազմում է մոտ 170 միլիոն դրամ, որը ոչ մի չափանիշով չի կարող համադրվել գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալի՝ 11 միլիարդի հետ: Այսինքն՝մենք պիտի հասկանանք, որ ակադեմիայի վերաբերյալ ցանկացած խոսակցություն հանդիսանում է շեղող, ես կասեի՝ պատվիրված խոսակցություն, գործի հետ առնչություն չունեցող:


-Եթե այս ամենը կեղծ է, պատվիրված, ինչու՞ գիտնականներն իրենք չեն բարձրացնում իրենց սոցիալական հարցերը:


-Գիտնականներն անընդմեջ են բարձրացնում։ Կրկին՝ ահա ևս մեկ կեղծ թեզ: Ամեն տարի ակադեմիայի տարեկան ժողովին` ՀՀ Նախագահի մասնակցությամբ, այդ ամենն ասվում է: Հիշեցնեմ, որ գոյություն ունի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որտեղ հազար անգամ այդ ամենը բարձրաձայնվել է: Տեղի են ունեցել հարյուրավոր հանդիպումներ պետական այրերի հետ՝ Նախագահի, նախարարների և այլոց, այդ թվում՝ նաև ԱԺ պատգամավորների:


Այնպես որ, գիտնականները պայքարում են անընդմեջ, այլ հարց է, որ պետական կառույցներն անում են ամեն ինչ՝ այդ ամենին ընթացք չտալու, իսկ լրատվամիջոցները բավարար չափով չեն լուսաբանում այս ամենը:


-Իսկ նման վերաբերմունքի հիմքում իշխանությունների հաշվարկը ո՞րն է, որ գիտնականները փողոց դուրս չե՞ն գա:


-Այո, գիտնականներն առայժմ փողոց դուրս չեն եկել, բայց դա բացառված չէ։ Իսկ թե ինչն է ընկած իշխանությունների հաշվարկի հիմքում՝ դժվարանում եմ որևէ բան ասել:


-Դուք կոչ էիք արել, որ դուրս գան փողոց, ցանկացողներ եղա՞ն:


-Ճիշտն ասած, տեղյակ չեմ:


-Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, կա՞ վիճակագրություն՝ գիտնականները հեռանու՞մ են Հայաստանից, նրանց դրսից առաջարկներ արվու՞մ են:


-90–ականների սկզբին Հայաստանն ունեցել է 30 000 գիտնական, այսօր նրանց թիվը չի գերազանցում 4000-ը։ Հետևաբար, հեռանում են գիտությունից, և ցանկացած ինստիտուտի օրինակով կարող եք տեսնել, որ այսօր մենք համարյա չունենք գիտնականների երիտասարդ սերունդ։ Այո, նաև արտագաղթում են: Եվ գիտնականների թիվը, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, անշեղորեն` ամեն տարի, գծային օրինաչափությամբ պակասում է: Հեռանում են և՛ արտասահմանյան բուհեր, և՛ գիտահետազոտական կենտրոններ: Երիտասարդները հեռանում են հիմնականում այս ճանապարհով, տարեցների թիվը պակասում է բնական մահացության կամ թոշակի անցնելու հետևանքով: Սերնդափոխություն չի կատարվում։


-Այս վիճակը շարունակվելու դեպքում ի՞նչ է սպասվում գիտությանը:


-Գիտության ֆինանսավորման այսպիսի ցածր ծավալների պարագայում իմ տեսակետը հայտնի է` ես կարծում եմ, որ տեղի կունենա գիտության աստիճանական մահացում և, առհասարակ, մշակութային աղետ:

 


 

 

 

Հայաստանում ամենալավ աշխատող պետական համակարգը գիտականն է. Արթուր Իշխանյան