Ստեղծագործ մարդու համար հասարակության ծանր վիճակը ո´չ թե փախուստի պատճառ է, այլ` փնտրելու խթան. ԵՊՀ դասախոս
ԵՊՀ դասախոս, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երեխաները ավագ դպրոցն ավարտելիս ունեն մեկ հետաքրքրություն` որքան հնարավոր է արագ գտնել որևէ ոլորտ, որտեղ կարելի է ստանալ փող. «Դրա համար նրանք դառնում են ստեղծագործական խնդիրների համար շատ անպատրաստ ու միգուցե արդեն կորած: Հետևաբար, նրանք չեն գտնում մեր հասարակության մեջ համապատասխան հենարաններ, և դրանք փնտրում են այլ հասարակության մեջ: Մինչդեռ ստեղծագործ մարդու համար հասարակության ծանր վիճակը ո´չ թե փախուստի պատճառ է, այլ` խթան է՝ փնտրելու»։ Ըստ նրա՝ ստեղծագործ մարդուն շատ ավելի հետաքրքիր է ապրել և աշխատել մի հասարակության մեջ, որտեղ շատ հարցեր լուծված չեն, քան մի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստի վիճակում է տրվում։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տրվող կրթության որակը, որքանո՞վ ենք մենք մրցունակ տարածաշրջանում և Եվրոպայում:
-Ես դժվարանում եմ ասել, թե որքանով մրցունակություն հասկացողությունը կրթության մեջ պետք է կիրառվի, սակայն մեր կրթության մեջ շարունակում է գերիշխել էքստենսիվ մոտեցումը: Այսինքն` մենք կարծում ենք, որ եթե ուժեղացնենք քանակական ճնշումը երեխաների վրա, մենք հասնում ենք որակի, դա մանկավարժության մեջ անհնար է: Լավագույն առաջատար համակարգերում արդեն վաղուց այդ մոտեցումը վերանայված է: Պետք է աշխատել երեխաների ունակությունների զարգացման վրա, և ոչ թե քանակական առումով ստեղծել պատրանք, որ երեխաները սովորեն հսկայական ծավալի գիտելիքներ: Դպրոցի խնդիրը ոչ թե ինֆորմացիա հաղորդելն է, այլ երեխաների դաստիարակությունն է, մասնավորապես նրանց սովորելու ընդունակությունը զարգացնելն է, իսկ այդ առումով մեր կրթահամակարգի վիճակը ես շատ բարձր չեմ կարող գնահատել:
-Ի՞նչ կասեք նոր սերնդի ունակությունների և աշխատասիրության մասին, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, ըստ Ձեզ, երեխաներն ավելի զարգացա՞ծ են, թեև ավելի քիչ են կարդում։
-Ցանկացած տեխնիկական լուծում փոխարինում է որոշակի մարդկային գործողության, հետևաբար որոշակի մարդկային ընդունակություններ հետընթաց են ապրում, և որքան ավելի բարդ տեխնոլոգիական լուծումներ ենք մենք առաջարկում, էլ ավելի մեծ չափով պետք է սպասենք ընդունակությունների նվազմանը, ինչը կատարվում է: Մենք պետք է լուրջ դիտարկենք այն հարցը, թե երբվանից դպրոցներում կամ ընտանիքներում երեխաները պետք է կիրառեն համակարգիչ: Վստահաբար կարող եմ ասել, որ համակարգչով աշխարհի հետ հաղորդակցվելը պետք է լինի հասունացումից ոչ շուտ:
-Այսօր ի՞նչն է երեխաներին ամենից շատ հետաքրքրում:
-Այսօր երեխաներին կհետաքրքրեին գրքեր, եթե լինեին բավարար քանակությամբ մեծահասակներ, որոնք կկարողանային իրենց հետ աշխատել: Այն դեպքերում, երբ ուսուցիչները մեխանիկական, գորշ, անգույն ձևով երեխաներին տրամադրում են գիտելիք, կամ գիտելիքի պատրանք, այդ դեպքերում երեխաները փնտրում են այլ լուծումներ: Դա նաև վերաբերում է ծնողներին, եթե նրանք կարողանանում են երեխաների համար ստեղծել հետաքրքիր, տպավորություններով հարուստ մանկություն և կարողանում են ապահովել բնության, կենդանական աշխարհի , արվեստի հետ շփումը, եթե ընթերցվում է բարձր որակի գրքեր, լսվում է բարձր որակի երաժշտություն, ապա համակարգիչը չի հանդիսանում վտանգ: Սակայն եթե թույլ են տալիս, որ երեխաները երկար ժամանակ համակարգչի առաջ անցկացնեն, հետագայում արդեն ուշ է լինում, և շատ դեպքերում ընտանիքները կրում են պատասխանատվություն իրենց երեխաների հիվանդագին զարգացման համար:
-Անդրադառնալով ավագ դպրոցներին` հիմա հաճախելիություն ապահովելը պարտադիր է դարձել, սակայն մյուս կողմից էլ՝ ավագ դպրոցները չեն փոխարինում կրկնուսույցներին, այս դեպքում երեխան ի՞նչ կարող է անել:
-Ես ասում եմ, որ քանակական մոտեցումը պատրանք է: Հաճախ ինֆորմացիան և գիտելիքը երեխան կլանում է առանց որևէ ներքին կապ ունենալու, այսինքն` միայն մեխանիկորեն, որպեսզի լուծի բուհ ընդունվելու խնդիրը, մինչդեռ չի էլ հասկացել, թե իրեն իրականում որ մասնագիտությունն է հետաքրքրում: Մարդկային առումով, դա բերում է ոչ թե զարգացման, այլ հոգնածության: Շատ ժամանակ հայագետներն են ասում, որ նույնիսկ բանասերը միանգամից չի կարող շատ հարցերի պատասխանները գտնել, որոնք շտեմարաններում կան: Այդ հարցերը շատ դեպքերում նույնիսկ անհրաժեշտ չեն և անգամ վնաս են հիշողության մեջ այդքան պահելը: Ավագ դպրոցը շատ լավ բան է, եթե այն ուղղված է դեպի այն, որ երեխաները հասունանալով՝ կարողանան ծանոթանալ աշխարհի բազմազանության հետ և ավելի գիտակցված մասնագիտության ընտրություն կայացնեն:
-Ձեր դպրոցում ինչպե՞ս են կարգավորվում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները, որպեսզի ոչ մի կողմը չտուժի:
-Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, եթե չի կարգավորված ուսուցիչ պատրաստելու խնդիրը: Այսինքն` մանկավարժության խնդիրը երեխայի խնդիրը չէ, դա մանկավարժի խնդիրն է, և եթե այսպես շարունակվի, շուտով բացակայելու է սերունդների միջև որևէ կամուրջ:
-Մեր հասարակության մեջ կրթված երեխան իր ապագան տեսնո՞ւմ է:
-Օրինակ` մեր մոտ երեխաները մեծ էներգիայով և ստեղծագործական ծրագրերով ավարտում են դպրոցը և իրենց ապագա ճակատագիրը հիմնականում կապում են իրենց հայրենիքի, հասարակության հետ: Սակայն, երբ ես նայում եմ, ընդհանուր առմամբ հասարակության պատկերին, ապա մեծամասամբ պատկերը տոտալ կերպով հակառակն է, որովհետև երեխաները ավագ դպրոցն ավարտելիս չունեն մարդկային իդեալներ, որոնք ձեռք են բերվում լուրջ մանկավարժական աշխատանքի հետևանքով և ունեն մեկ հետաքրքրություն` որքան հնարավոր է արագ գտնել որևէ ոլորտ, որտեղ կարելի է ստանալ փող: Դրա համար նրանք դառնում են ստեղծագործական խնդիրների համար շատ անպատրաստ ու միգուցե արդեն կորած և բնականաբար միայն սպառողի դիրքերից են նայում ամեն ինչին: Հետևաբար, նրանք չեն գտնում մեր հասարակության մեջ համապատասխան հենարաններ և դրանք փնտրում են այլ հասարակության մեջ: Մինչդեռ ստեղծագործ մարդու համար հասարակության ծանր վիճակը ոչ թե փախուստի պատճառ է, այլ խթան է՝ փնտրելու: Ստեղծագործական մարդուն շատ ավելի հետաքրքիր է ապրել և աշխատել մի հասարակության մեջ, որտեղ շատ հարցեր լուծված չեն, քան մի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստի վիճակում է տրվում:
-Ձեր դպրոցում ինչպե՞ս է դրված ունևոր և չունևոր երեխաների փոխհարաբերությունների հարցը, նման խնդիրներ չե՞ն առաջանում:
-Ոչ, որովհետև մեր դպրոցը, լինելով մասնավոր դպրոց, այնուամենայնիվ ունի սկզբունքային դիրքորոշում՝ մենք բիզնեսով չենք զբաղվում: Հետևաբար, մենք չենք մերժում որևէ ծնողի և շատ երեխաներ մեզ մոտ սովորում են առանց գումարն ամբողջությամբ վճարելու: Ինչ վերաբերում է երեխաների միջև հարաբերություններին, ապա նման հարց երբևէ մեզ մոտ չի ծագել: Ուսուցիչները նրանց շատ հանգիստ և բնական են վերաբերվում և ոչ մի էական նշանակություն չունի այն փաստը, որ որևէ երեխայի ծնողը պաշտոնյա է կամ մեծահարուստ, և երեխաների մտքով էլ չի առաջանում նման տարբերակում դնել:
-Վերջում, ամփոփելով մեր զրույցը, որո՞նք եք համարում կրթության ոլորտի առաջնային խնդիրները:
-Այսօրվա կրթական խնդիրներից առաջինը՝ այլընտրանքային մանկավարժության ամենատարբեր կենտրոնների ստեղծումը խթանելն է, այսինքն` ապահովել բազմազանությունը: Ամենակարևոր հարցերից երկրորդը՝ մանկավարժների պատրաստումն է, ընդ որում` ամենատարբեր ոճով աշխատող մանկավարժների: Պետք է ամբողջությամբ վերանայվի մանկավարժի պատրաստման խնդիրը: Մանկավարժը պետք է ստեղծագործի դպրոցում, ոչ թե լինի միայն ծրագրի և դասագրքի կատարող` ինչպես հիմա է: Բացի այդ պետք է փոխվի հարկային քաղաքականությունը: Երեխան հարկատուի զավակն է և հարկերի մի մասը գնում է կրթահամակարգի զարգացմանը, և ոչ մեկ, նաև պետությունը, իրավունք չունի գողանալ այդ գումարները և ասել, որ միայն այն երեխաներն են ստանում այդ պետական օժանդակությունը, որոնք սովորում են մեր ուզած տեսակի դպրոցներում, առավել ևս, որ այդ տեսակն առանձնապես ոչ մեկին չի էլ գոհացնում: Այսինքն` այդ երեխայի կրթության ֆինանսավորումը պետք է նաև պարտադիր կերպով տարածվի մասնավոր համակարգի վրա:










