ԱՄՆ-ն ցանկանում է հետ չմնալ Պուտինից. կարծիքներ` Սարգսյան–Ալիև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ԼՂ հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ–ը ցանկացել է հետ չմնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ում նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները օգոստոսին հանդիպեցին Սոչիում։
«Պուտինը երկու նախագահների հանդիպումը կազմակերպելով նորից ապացուցեց, որ իր ազդեցությունն այս տարածաշրջանում մնում է ոչ միայն մեծ, այլև` առաջնային: Ես կարծում եմ, որ հիմա Ամերիկան է ցանկանում քայլ անել` ապացուցելու համար, որ իրենք ևս հետ չեն մնում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հարցին, թե քանի որ բոլոր կողմերից, այդ թվում ՀՀ նախագահի կողմից, նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի արձանագրվում, հնարավո՞ր է, որ այս հանդիպումների ակտիվացումն ինչ-որ փոփոխության հանգեցնի, փորձագետը պատասխանեց.«Ո՛չ, որովհետև Ադրբեջանի կողմից չկա նշան, որ ինքը որևէ առումով փոխում է իր քաղաքականությունը կամ ագրեսիվությունը: Տվյալ դեպքում ոչինչ չի կարելի ակնկալել, դա միայն աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների ուժի փոքր-ինչ ցուցադրում է»:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ հանդիպումներին երկու տարբեր պետությունների նախագահների որոշումը չի կարող որևէ ձևով անդրադառնալ Արցախի վրա: «Այսինքն` ցանկացած որոշում առ ոչինչ է Արցախի համար: Կապ չունի, որ Արցախը ճանաչված չէ, միջազգային իրավունքի տեսակետից` Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ է: Դրա համար այլոց որոշումները չեն կարող ազդել Արցախի վրա»,-հավելեց նա:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը մշտապես կառուցողական է վերաբերվել խաղաղ կարգավորմանն ուղղված համանախագահների նախաձեռնություններին` դրանում տեսնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորագույն դերակատարությունը:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ապա իմ տեղեկությամբ՝ այդ հարցը դեռևս քննարկվում է դիվանագիտական խողովակներով»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ խաղաղ կարգավորման գործընթացի տարբեր ժամանակահատվածներում նախաձեռնություններ են եղել` ելնելով այն մտահոգությունից, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական գործողություններ իրականացնել, խոչընդոտել բանակցային գործընթացը և ավելացնել տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները:
«Միջազգային հանրությունը` մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, բազմիցս նշել են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հետևաբար յուրաքանչյուր համանախագահ երկրի անդամի նախաձեռնությունները նպատակ ունեն գործընթացը խաղաղ կարգավորման հունի մեջ պահել: Ռեալ փոփոխությունը կլինի այն, որ Ադրբեջանը վերջապես կընդունի համանախագահների առաջարկները և մշակված սկզբունքները»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով արդյո՞ք այս նախաձեռնությունների նպատակն այն է, որ համանախագահ երկու երկրները՝ ԱՄՆ–ն և Ֆրանսիան փորձում են ցույց տալ, որ գերիշխող դերում Ռուսաստանը չէ, Արտակ Զաքարյանը ասաց.«Ես չեմ կարծում, որ համանախագահությունը լիդերության կամ առաջնայնության համար պայքար է, ես մի բանում համոզված եմ, որ բոլոր երկրները շահագրգռված են խաղաղ կարգավորման գործընթացով»:
Արտակ Զաքարյանը նաև ասաց, որ համանախագահող երկրների դիրքորոշումների, վերաբերմունքի փոփոխություն չի նկատում և միայն մտահոգություն է տեսնում, որ Ադրբեջանը ավելացնում է սպառնալիքները և տարածաշրջանի անվտանգությանն ուղղված ոտնձգությունները:










