Սա մեր ընդհանուր պատմության մի կարևոր էջն է. Դավիթ Բաբայանը՝ ԼՂՀ 23–ամյակի մասին
Արցախի անկախությունը մեր կարևորագույն պետական տոներից մեկն է, այն կարևոր իրադարձություն է համայն հայության համար, քանի որ սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նոր էջ է բացվել հայոց պետականության պատմության մեջ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՆ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախի անկախության, այդ տոնին սպասվելիք միջոցառումների, ինչպես նաև անկախության 23 տարիների մասին:
«Մենք պետք է սա դիտարկենք որպես հայոց պետականության անբաժան մի մաս, ոչ թե անջատենք Արցախն ու հայոց պատմությունը: Սա մեր ընդհանուր պատմության մի կարևոր էջն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության, 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։
Հարցին, թե ի՞նչ ունեինք 23 տարի առաջ և ի՞նչ ունենք այսօր՝ պարոն Բաբայանը պատասխանեց, որ արդեն 23 տարի է, ինչ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բայց պետականաշինության մեջ եղել է բավական երկար, և, ըստ նրա՝ երկար ժամանակ Արցախը, Սյունիքը և մի քանի այլ հայկական տարածքներ եղել են հայոց կորցրած պետականության վերջին բեկորները, առանց որոնց ուղղակի հնարավոր չէր:
«1921-23 թվականներից՝ երբ կերտել ենք հայկական պետականությունը, Արցախը եղել է որպես ինքնավար մարզ: Այդ ժամանակ ունեցել ենք հայկական 3 պետական կազմավորում. Հայաստանի Խորհրդային Հանրապետություն, Նախիջևանի Խորհրդային Ինքնավար Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի վերացնի հայկական երրորդ կազմավորումը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, և դա, դժբախտաբար, ստացվել է, ինչն էլ ավելի է արժևորում երկու մնացած բեկորների կարևորությունը. հսկայական ներուժ է կուտակվել, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունն արդեն վերականգնել են հայոց կորցրած պետականությունը»,– ասաց նա:
«70 տարի լինելով ինքնավար մարզի պետականության աստիճանում, հիմա մենք ավելի բարձր աստիճանի դարաշրջան ենք թևակոխում և ստեղծել ենք անկախ պետություն, որը, իհարկե՛, շատ ավելի նոր մարտահրավերներ է բերել, նոր խնդիրներ, հնարավորություններ: Այս 70 տարիներն էլ են եղել պայքարի տարիներ, և բնական է, որ մեր ժողովուրդը կուտակել է շատ հզոր ներուժ և իմունային համակարգ՝ տարբեր տիպի բարդությունները հաղթահարելու»,– ավելացրեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ համայն հայության օգնությամբ հնարավոր եղավ հաղթահարել արդեն Արցախի Հանրապետության առջև կանգնած ծանր մարտահրավերները, իսկ 1991 թվականին դա ուղղակի գոյության պայքար էր, քանի որ Ադրբեջանը չէր թաքցնում, որ մտադիր է ոչնչացնել և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետությունները, քանի որ իրենք հույս ունեին, որ Արցախի Հանրապետության տապալումից հետո Հայաստանի Հանրապետությունն այլևս դիմադրելու ո՛չ բարոյական, ո՛չ ֆիզիկական ունակություն և ուժ չի գտնի իր մեջ: «Ադրբեջանի բոլոր հաշվարկները ձախողվեցին և մենք հայկական երկու պետություն՝ ինտեգրված, լիահույս ենք ապագայի հանդեպ: Այսպես էլ պետք է շարունակենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակի՝ մեր վերջին ձեռքբերումներից դարձավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, ինչը դարձավ մի յուրօրինակ նվեր ողջ հայությանը՝ Արցախի Հանրապետության հռչակման տոնի նախօրյակին: Նրա խոսքով՝ դա մեծ իրադարձություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Կալիֆոռնիան շատ մեծ և հզոր նահանգ է, աշխարհի ամենահզոր 7 տնտեսությունների շարքին է պատկանում և նրա կողմից ճանաչումը համարժեք է մեծ և հզոր մի պետության կողմից ճանաչմանը:
«Դա մեր համատեղ ջանքերի շնորհիվ է՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի: Դա նաև արժևորումն է մեր անցած ճանապարհի, քանի որ ֆաշիստական և ծայրահեղական պետությանը որևէ մեկը չի ճանաչի: Հետևաբար, Կալիֆոռնիան՝ ասել է թե քաղաքակիրթ աշխարհը, ընդունում է, որ Արցախը ժողովրդավարական և քաղաքակիրթ պետություն է: Դրա համար էլ առանց որևէ դրամական միջոցի մենք միաձայն ստացանք Կալիֆոռնիայի ճանաչումը»,- հավելեց նա։
Դավիթ Բաբայանը նաև ասաց, որ բնականաբար, պատրաստվում են տոնին, ստեղծվել է պետական հանձնաժողով, որն զբաղվում է կազմակերպչական հարցերով: «Ճիշտ է, այս անգամ հոբելյանական չէ, 23-րդ տարեդարձն է, բայց, այնուամենայնիվ, լինելու են մի շարք ավանդական միջոցառումներ. Նախագահի մոտ լինելու են պարգևատրման արարողություններ, այցեր՝ տարբեր տեղեր, ծաղիկներ են դրվելու զոհված ազատամարտիկների հուշարձաններին, լինելու են նաև տոնական համերգ, հրավառություն, այսինքն` այն դասական միջոցառումները, որոնք միշտ տեղի են ունենում և ողջ հասարակությանը մասնակից են դարձնում այդ տոնին»,-տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:










