Արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ հարմարվելու խնդիր կա. հոգեբան

12:05 • 01.09.14

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ առաջ է գալիս հարմարվելու խնդիր, որը դեպրեսիվ վիճակ չէ։ Հոգեբանի մոտ իր երկարամյա գործունեության ընթացքում չի պատահել դեպք, երբ ինչ-որ մեկն այցելի իրեն հետարձակուրդային խնդիրներով։


Սամվել Խուդոյանը նշեց, որ աշխատանքի անցնելով, մարդը զգում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահեր, որն առաջ է գալիս, որովհետև ճիշտ չեն հանգստանում:


«Իսկ ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։ Այն աշխատանքը, որ անում են, դրա հակառակը պետք է ընտրել, այսինքն՝ եթե ակտիվ աշխատանք ես անում, լավ կլինի պասիվ հանգիստ ընտրես»,- խորհուրդ տվեց նա։


Սամվել Խուդոյանի խոսքով՝ աշխատողների մեծ մասն արձակուրդ է վերցնում հիմնականում ամռանը, որն էլ լրացուցիչ ադապտացիայի խնդիր է առաջացնում։ «Արձակուրդից պետք է մի քանի օր շուտ նախապատրաստվել աշխատանքին, ռեժիմը փոփոխել մի քանի օր շուտ»,- ասաց նա և հավելեց, որ լավ նշան է, եթե արձակուրդից հագենում ես և ցանկանում ես աշխատանքի գնալ։ Նրա խոսքով՝ նորմալ հանգիստը 24 օրն է։


Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ եթե մարդուն աշխատացնում ես 18 ժամ, ավելի քիչ արդյունք է տալիս, քան եթե աշխատում է ութ ժամ։ «Այն մարդն, ով չի հանգստանում, վատ է աշխատում ու չի զարգանում»,- ասաց նա։


Սոցիոլոգը հիշեց Սովետական միության տարիները, երբ ըստ նրա, ընտանիքների մեծամասնությունն արձակուրդն անցկացնում էր տանը կամ գնում էին գյուղ, փոքր մասը գնում էր հանգստյան տներ։ Նա դրական փոփոխություն է տեսնում, հիմա մի մասը կարողանում է նաև դուրս գալ երկրից։


«Պիտի կարողանանք վերականգնել հանգստի կուլտուրան, նախկինում կային պանսիոնատներ, հիմա դրանց փոխարինել են մասնավոր հանգստյան տները»,-նշեց նա։