Ամերիկացի սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին զինել Ուկրաինան

09:55 • 01.09.14

Ամերիկացի երկու առաջատար սենատորներ կոչ են արել ԱՄՆ-ին սպառազինություն տրամադրել Ուկրաինային՝ Դոնբասում ռուսական զորքի դեմ պայքարի համար, գրում է segodnya.ua-ն։

 

«Ուկրաինային զենք է անհրաժեշտ»,- հայտարարել է Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։

 

Նա CNN հեռուստաալիքի եթերում Կիևից հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է Ուկրաինային պաշտպանական սպառազինություն տրամադրի, որն «այդ ներխուժումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար չափազանց թանկ կդարձնի»։

 

Միևնույն ժամանակ հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնը հռետորական հարց է հղել՝ «Մի՞թե մենք չենք կարող օգնել ուկրաինացիներին պաշտպանել իրենց։ Սա արդեն զորքի սահմանափակ մուտք չէ, սա ներխուժում է»։

 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը և նախագահն անձամբ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին չեն օգտագործել «ներխուժում» (invasion - լայնամասշտաբ ներխուժում) բառը: